Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/82

Այս էջը սրբագրված է

մեջ ընկղմվել։ Դու մեղադրում ես իմ հայրերին, որ նրանք անխնա խորտակեցին, ոչնչացրին հինը, ավանդականը՝ նորը նրա տեղ հաստատելու համար։ Այդ իրավ է։ Բայց ամեն վերանորոգության սկիզբը այդպես է լինում։ Մեր տեր Հիսուս Քրիստոսն ևս այդպես վարվեց։ Նա ոչ մի քար չթողեց քարի վրա։ Դու մեղադրում ես իմ նախահորը, Լուսավորչին, որ նա Հայաստանը լցրեց հույն և ասորի վարդապետներով։ Ուրիշ կերպ լինել չէր կարող։ Նրան պետք էին պատրաստի մարդիկ, և նա բերեց յուր հետ այդ մարդկանցը Կեսարիայից։ Մի վարպետ, երբ ցանկացած շենքը կառուցանելոլ համար, յուր տեղում մշակներ գտնելու հույս չունի, նա մշակները յուր հետ է տանում։ Բայց իմ նախահոր նպատակը երբեք այն չէ եղել, որ օտարների ձեռքը տար հայի հոգևոր և մտավոր կրթությունը։ Այդ օտարները ժամանակավոր վարձկաններ էին, որ պետք է պահվեին այնքան ժամանակ, մինչև մեց աշխարհում բնիկներից նոր ուժեր պատրաստվեին։ Եվ այդ մտքով նա հիմնեց այդ բազմաթիվ դպրոցները, որոնց մեջ մինչև անգամ քուրմերի որդիները պետք է քրիստոնեական կրթություն ստանային։ Բայց եթե այդ դպրոցները ցանկացած արդյունքը չտվեցին, և այդ օտար հյուրերը մեր աշխարհում երկար մնացինք դա պետք է վերաբերել այն դժբախտ հանգամանքներին, որոնց զոհ գնացին իմ հայրերը և որոնք ժամանակ չտվին նրանց լիապես ի կատար ածելու հայոց լուսավորության գործը։ Իմ նախահայրը, Մովսեսի նման, ստիպվեցավ խույս տալ ժողովրդի խստասրտությունից, և յուր կյանքի վերջին օրերը թաղեց Սեպուհ լեռան այրերի անհայտության մեջ։ Նրա որդի Վրթանեսի համար դու ինքդ ասեցիր, թե որպիսի՛ բարբարոսությամբ կամենում էին սպանել այդ վանքի տաճարի մեջ։ Իսկ նրա մյուս որդի Արիստակեսը սպանվեցավ Ծոփաց գավառում Արքեղայոս իշխանից։ Արիստակեսը կուսակրոն մնաց, որդի չթողեց, բայց նրա եղբոր, Վրթանեսի երկու որդիներից մեկը, Գրիգորիսը նահատակվեցավ Վատնյան դաշտում. իսկ մյուսը, Հուսիկը սպանվեցավ յուր աներ Տիրան թագավորից։ Հուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինես, սպանվեցան մեր սենյակին կից դահլիճում։ Աթանագինեսի որդի Ներսեսը, իմ հայրը այժմ աքսորված է մի անբնակ կղզում... Տեսնում ես, Մեսրոպ, իմ պապերից և ոչ մեկը խաղաղ մահով չվախճանվեցավ։ Ամենքը զոհ եղան մեր թագավորների, մեր նախարարների և վայրենի խուժանի վայրագությանը։ Սուրը ժամանակ չտվեց նրանց իրագործելու այն մեծ նպատակները, որ ունեին