Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/84

Այս էջը սրբագրված է

անգամ ներքինի Բագոսը հագել էր յուր խայտաճամուկ պարեգոտը։

Ամբողջ ամրոցը սպասում էր մի հարգելի հյուրի — Սահակ Պարթևին։

Սահակ Պարթևը այդ տան մեջ օտար չէր։ Մամիկոնյանները նրա քեռիներն էին։ Նրա հայրը, Ներսես Մեծը, Մամիկոնյանների փեսան էր։ Նրա մայրը, Սանդուխտ տիկինը, Սամվելի հորեղբոր՝ Վարդանի դուստրն էր։ Դեռ ուսանողության ժամանակ Ներսես Մեծը Կեսարիայում ապրում էր յուր կնոջ՝ Սանդուխտի հետ, որից ծնվեցավ Սահակը։ Երեք տարուց հետո նույն քաղաքում վախճանվեցավ Սանդուխտը, որի մարմինը հայրը, Վարդանը, բերեց Հայաստան և թաղեց Թիլ ավանի հայրապետական տան տոհմային գերեզմանատան մեջ։ Տուր սիրելի ամուսինը կորցնելուց հետո, Ներսես Մեծը երկար չմնաց Կեսարիայում, այլ յուր ուսումը կատարելագործելու նպատակով գնաց Կ․ Պոլիս։ Այնտեղ ամուսնացավ Ասպիոնե անունով մի հույն ազնվականի դստեր հետ։

Սամվելը, վաղ առավոտյան վերադառնալով Աշտիշատի վանքից, անմիջապես յուր մորը իմացում էր տվել Սահակի այցելության մասին։ Այդ լուրը թեև սկզբում խռովություն պատճառեց տիկնոջը, բայց, ծածկելով յուր տհաճությունը, հրամայեց, որ պատրաստություն տեսնեն։ Տիկինը համբերել չէր կարող հայրապետական տան բոլոր անդամներին, մանավանդ Սահակին, որի բարձր ազնվապետական վեհությունը սաստիկ վրդովեցնում էր նրան։ Իսկ այսօր հայոց մեծ քահանայապետի որդին հայտնվում էր մի այնպիսի անպատեհ ժամանակ, երբ Մամիկոնյանների տան մեջ եփ էր գալիս մի գաղտնի հակազգային և հակաքրիստոնեական խմորում...

Դեռ մի քանի ժամ մնում էր մինչև ճաշը։

Տիկնոջ դահլիճը արդեն կազմ ու պատրաստ էր։ Պատուհանների և դարակների մետաքսյա վարագույրները վեր էին բարձրացրած և նրանց միջից երևում էին բոլոր թանկագին անոթները, որ դրված էին միմյանց մոտ։ Ոսկին, արծաթը, պղինձը վառվում էր յուր սքանչելի գեղեցկությամբ։ Նրանց մեջ կային զանազան տեսակ գեղաքանդակ պնակներ, ափսեներ, թասեր, բաժակներ, գավաթներ, տարաներ և հայկական սև ու կարմիր կավից շինված նկարակերտ սափորներ։ Դրանք՝ իրանց անշարժ դրության մեջ ծառայում էին ավելի իբրև զարդ, քան թե սեղանի սպաս։

Ամբողջ դահլիճը բուրում էր վարդի անուշահոտությամբ։ Բազմոցները, գորգերը, բարձերը՝ բոլորը ցողված էին վարդաջրով