Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/88

Այս էջը սրբագրված է

նում եմ,— խոսքը փոխեց նա,— թե դու ո՛րքան սիրում ես Սահակին։

— Ինչպե՞ս, — հարցրեց մայրը թաքցնելով յուր դժկամությունը։

— Դահլիճը բոլորովին նոր կերպով ես զարդարել, և այդքան անհամբեր ես Սահակի ուշանալու համար։

Մայրը ծիծաղեց։

— Բայց գիտե՞ս, Սամվել, մենք շուտով գուցե ուրիշ հյուրեր ևս կունենանք։ Ինչո՞ւ չես նստում։

Սամվելը նստեց Որմիզդուխտի և մոր հանդեպ։

— Ի՞նչ հյուրեր,— հարցրեց նա։

— Դեռևս հարցնո՞ւմ ես, Սամվել,— ասաց մայրը մի այնպիսի հանդիմանական ձայնով, որով կշտամբել էր կամենում որդու մոռացկոտությունը։— Դու խո գիտես, որ հորդ հետ գալու են պարսից երկու նշանավոր զորապետներ` Զիկ և Կարեն իշխանները. տարակույս չկա, որ Տարոնով անցնելու միջոցին` նրանք մեր ամրոցում հյուր կլինեն։

— Այդ ես գիտեմ... սիրելի մայր, — պատասխանեց Սամվելը, վեր առնելով Որմիզդուխտի հովհարը և պտտեցնելով մատների մեջ։— Դեռ վաղ է... դու շտապում ես... պարսից զորապետներն այդպես շուտ չեն գա... մինչև նրանց Տարոնի սահմանի մեջ մտնելը, մենք բավական ժամանակ ունենք այդ գերապատիվ հյուրերի ընդունելության համար արժանավոր պատրաստություններ տեսնելու...

Տիկինը որդու փոխաբերական խոսքերն ընդունելով որպես անկեղծություն, պատասխանեց.

— Ես էլ գիտեմ, որ բավական ժամանակ ունենք պատրաստվելու, բայց դու չես իմանում, Սամվել, մեր սպասավորների կոպտությունը։ Հազար անգամ պատվիրում ես, դարձյալ մոռանում են, թե ինչ բան որտեղ պետք է դնել, կամ ինչ բան որտեղից պետք է վեր առնել։ Եվ ես ամեն անգամ, երբ մի նշանավոր մարդ եմ ընդունում, առանց ամոթի չեմ մնում։

— Բայց Սահակը մերն է, սիրելի մայր, նա օտար չէ, որ այդքան խստապահանջ լինի քեզանից...

— Դու դարձյալ Սահակի մասին ես խոսում,— ընդհատեց մայրը վրդովվելով։— Սահակի մասին ո՞վ է մտածում...

— Հա՛ մոռացա... Զիկ և Կարեն, զորապետները...

— Այո՛ , Զիկ և Կարեն զորապետները։ Գիտե՞ս, Սամվել, ով-