Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/89

Այս էջը սրբագրված է

քեր են դրանք, որքա՞ն մեծ ազդեցություն ունեն Շապուհի արքունիքում։

Այդ անունները հաճախ կրկնվելով, Որմիզդուխտը միամտությամբ խոսակցության մեջ մտավ.

— Նրանք իմ եղբոր հետին ծառաներն են, եթե այստեղ պալու լինեն, համարձակություն չպիտի ունենան իմ մոտ նստելու։

— Ճշմարիտ է, սիրելի Որմիզդուխտ,— ասաց Սամվելը, մի առանձին համակրությամբ նայելով գեղեցիկ կնոջ երեսին,— բայց երբ պարսից արքունիքի հետին ծառաները մեզ մոտ են գալիս, մենք ոչ միայն նրանց ամենաբարձր բազմոցն ենք ցույց տալիս, այլ մեր գլխի վրտ ենք նստեցնում...

Այդ խոսքերը չվիրավորեցին Որմիզդուխտին, այլ վիրավորեցին Սամվելի մորը։ Նա մի խոժոռ հայացք ձգեց նախ որդու վրա և ապա Որմիզդուխտի վրա։

— Դու չես արդարացնում, Սամվել, իմ գանգատը մեր սպասավորների կոպտության մասին,— ասաց նա խռովված ձայնով,— այս առավոտ չորսին դուրս եմ արել։ Երևակայիր մի այդպիսի հասարակ բան. մեծ դժվարությամբ ես կարողացա որսալ տալ մի սոխակ. մի առ մի պատվիրեցի, թե վանդակը որտեղից պետք է կախ տալ և ինչով պետք է կերակրել։ Բայց ի՞նչ։ Այս առավոտ մտնում եմ դահլիճը, գտնում եմ խեղճ թռչունին յուր վանդակի մեջ սպանված։ Բանից դուրս է գալիս, որ վանդակը փոխանակ վերևից կախ տալու, դնում են պատուհանում, կատուն գալիս է, թաթը կոխում է և սպանում սոխակին։

— Այդ վերին աստիճանի կոպտություն է,— ասաց Սամվելը, գլուխը ցավակցական կերպով շարժելով։— Դու իրավունք ունեիր ոչ միայն չորսին, այլ բոլորին դուրս անելու։ Բայց կատվին չպատժեցի՞ր։

— Դու ծաղրում ես, Սամվել, այդպիսի դեպքերում շատ անվայել է ծաղրը,— նկատեց մայրը։— Գոնե Որմիզդուխտին մի վիրավորիր։

Սամվելը դարձավ դեպի Որմիզդուխտը, հարցնելով.

— Դու քեզ վիրավորվա՞ծ ես համարում։

Նա ժպտաց և, թավ հոնքերի տակից նայելով Սամվելի երեսին, ասաց.

— Ոչ։ Ձեր անտառներում սոխակներ շատ կան...

— Բայց այնպիսին, որ ամբողջ օրը անդադար երգում էր, հազարից մի անգամ է պատահում, Որմիզդուխտ,— ընդմիջեց Տա-