Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/90

Այս էջը սրբագրված է

ճատուհին գրգռված ձայնով։— Դու քո կրոնի իմաստն անգամ չես հասկանում և Սամվելի ծաղրին համբերում ես... այդ լավ էէ․․․

Որմիզգուխտը շառագունեցավ։

Հարցը ինչո՞ւմն էր։ Սամվելի մայրը այնքան նուրբ զգացմունքներ ունեցող կին չէր, որ սիրեր սոխակի երգը։ Հարցը փոքր-ինչ կրոնական բնավորություն ուներ։ Սոխակի մեջ, ըստ պարսից հավատալյաց, բնակվում էր բարի հրեշտակներից մեկի ոգին, և ամեն մի զրադաշտական սովորություն ուներ յուր տան մեջ պահել մի սոխակ։ Նրա երգը հանապազօրյա օրհնություն էր համարվում այդ տան բախտավորության համար։ Պարսիկների սրբազան թռչունը յուր տան մեջ մտցնելով, Սամվելի մայրը կամեցել էր առաջին ցույցը անել յուր համակրության դեպի պարսից հավատալիքները։ Եվ այդ ցույցը անհրաժեշտ էր, որովհետև նա հույս ուներ շուտով ընդունել յուր տան մեջ Զիկ և Կարեն զորապետներին։

Սամվելը կրկին դարձավ դեպի յուր խորթ մայրը։

— Իսկ դու ի՞նչ պատրաստություններ ես տեսնում, Որմիզղուխտ։

— Ես ոչինչ պատրաստություններ չեմ տեսնում,— պատասխանեց միամիտ պարսկուհին։

Նա չգիտեր Տիզբոնից ստացված վերջին տեղեկությունները։ Սամվելի մայրը նրան ոչինչ չէր հայտնել։ Սամվելը մտածեց հայտնել, փորձելու համար, թե ինչ տպավորություն կգործեին նրա վրա։

— Դու նույնպես պետք է պատրաստություններ տեսնես, Որմիզդուխտ,— ասաց նրան Սամվելը. — ես այժմ կհայտնեմ քեզ մի շա՛տ և շա՛տ ուրախալի նորություն։ Դեռ չլսած նորությունը, Пրմիզդուխտի դեմքը փայլեց ուրախությունից։

Մայրը աչքով, հոնքով նշան տվեց, որ լռե Սամվելը։ Բայց նա իբր թե չնկատեց և ասաց Որմիզդուխտին․

— Քո եղբայրը, Շասպուհ արքան, քո կրտսեր քրոջը՝ Որմիզդուխտին կնության է տվել Մերուժան Արծրունուն․ արդեն Տիզբոնից դուրս են եկել, և հորս հետ գալիս են Հայաստան։

— Այդ լա՛վ է— խորին հրճվանքով բացականչեց Որմիզդուխտը և բռնեց Սամվելի ձեռքից։— Ուրեմն ես շուտով կտեսնե՞մ քրոջս... ուրեմն նրանք շուտով այստեղ կլինե՞ն...

— Իհարկե, կտեսնես քո քրոջը... և քո նոր քենակալին... գու-