Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

— Հանաք չեմ անում․․․ բոլորովին ճշմարիտ է... քո եղբայրը խոստացել է Մերուժանին հայոց թագավորությունը... պատասխանեց Սամվելը, ազատվելով նրա դրկից։

— Ա՜խ, ո՛րքան լավ կլինի,— ասաց Որմիզդուխտը ծափահարելով և, նստելով յուր տեղը, դարձավ դեպի Սամվելի մայրը, հարցրեց.

— Լավ չի՞ լինի։

— Իհարկե, լավ կլինի,— պատասխանեց նա, ինքն ևս ուրախակից լինելով նրա հրճվանքին։

Սամվելը վեր կացավ, մի քանի անգամ անցավ դահչիճի միջով և ապա կանգնեց Որմիզդուխտի առջև, ասելով.

— Շա՛տ լավ կլինի, Որմիզդուխտ. բայց դու, երևի, չգիտես, որ հայոց թագավորական գահին հասնելու համար՝ Մերուժանը դեռ շատ գործեր պետք է կատարն...

— Ի՞նչ գործեր,— հետաքրքրությամբ հարցրեց Որմիզդուխտը։

— Ես բոլորը կպատմեմ քեզ։

Մայրը կրկին ակնարկեց որդուն, որ լռե։

— Նա պետք է գիտենա, և կատարվելիք գործերի հաջողությունը պահանջում է, որ նա գիտենա,— ասաց Սամվելը հայերեն լեզվով։ —Ինչո՞ւ ես արգելում ինձ։

Նա մոտեցավ մյուս լուսամուտին և կանգնեց նրա հանդեպ։ Մի քանի րոպե այդ ահեղ բարձրությունից լուռ նայում էր դեպի յուր առջև բացվող տեսարանները։ Ներքևում, մթին անդունդի մեջ, որոտում էր Արածանին, որ սեղմվելով Վահեվանյան ձորի անձկության մեջ, մի զայրացած վիշապի նման, յուր պտույտներով գանակոծում էր ամրոցի ստորոտի ապառաժները։ Նրա հանդեպ, դետի մյուս կողմի բարձրության վրա, երևում էին մի հին քաղաքի ավերակները, որի մասին ավանդությունը ասում էր, թե շինված է եղել Սանատրուկ թագավորից։ Այդ քաղաքը Սլկունիների, այսինքն Տարոնի նախկին տիրապետող իշխանների մայրաքաղաքն էր, որ կործանեց Մամիկոնյանների նախահայր Մամգունը։ Անտառը ծածկել էր այդ խորհրդավոր քաղաքի հսկա փլատակները և կիսավեր աշտարակների միջից աճել էին դարևոր կաղնիներ։ Կրակը մի Ժամանակ կատարել էր այնտեղ սարսափելի ավերմունք, և այդ պատճառով այդ քաղաքը կոչվում էր Մծուրք։ Սամվելը նայում էր նրա վրա, որպես խորտակված փառքի և իշխանության մարած մոխրի վրա... Նա աչքերը դարձրեց այդ տխուր տեսարանից և սկրսեց նայել դեպի ավեչի հեռուն։ Երևում էր Ավետյաց բլուրը, երե-