Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/95

Այս էջը սրբագրված է

նվիրական դրախտը․․․ թող այդ գեղեցիկ առաոտանը այրվի՜, մոխի՜ր դաոնա որմզդական կրակի մշտավառ բոցերի մեջ... թո՛ղ քրիստոնեական խունկի ու կնդրուկի անուշահոտության փոխարեն՝ մոգերի մատուցած ողջակեզների ճենճերային հոտը բուրե այդ սրբազան տեղերում... Թո՛ղ լռե զանգակի և կոչնակի տաղտկալի ձայնը... Թող հրաշալի բարձրությունների վրա ամեն առավոտ, արևի ծագման ժամանակ, և ամեն երեկո, արևի մուտքի ժամանակ, թո՛ղ հնչե մոգերի թմբուկի ու շեփորի ձայնը... և թո՛ղ բարեպաշտ հայ շինականը, այդ ձայնը լսելով, դողդոջուն սրտով բարձրանա յուր կտուրի վրա և երկրպագություն տա ելնող ու մտնող արեգակին... Լսո՞ւմ ես, սիրելի Որմիզդուխտ, ահա այդ է պահանջում քո եղբայրը, և այդ պետք է կատարե Մերուժանը հայոց թագավոր դառնալու համար...

Բայց Որմիզդուխտը ոչինչ չէր լսում։ Նա մի քաղցր ինքնամոռացության մեջ, ձեռքը դրած ոգևորված երիտասարդի ուսի վրա, և կպած նրա կողքին, զգում էր միայն սիրելի ձայնի մուզիկան, արբեցած էր նրա շնշով, և ամեն անգամ, երբ նա մի փոքր շարժում էր գործում, ցույց տալով այս ու այն առարկան, գեղեցիկ կնոջ մանուկ սիրտը բաբախում էր մրրկածուփ ջերմությամբ...

Լսում էր Սամվելի մայրը։

— Բավակա՛ն է, Սամվել...— գոչեց նա, և մոր սպառնալի ձայնը սթափեցրեց որդուն յուր խորին հափշտակությունից։

— Դու ծաղրո՞ւմ ես, Սամվել... — կրկնեց նա։— Լա՜վ մտածիր քո վարմունքը... Որմիզդուխտ, հեռացի՛ր այդտեղից։

— Ա՜խ, ինչո՞ւ ես դու իմ ոգևորությունը ծաղրի տեղ ընդունում, սիրելի մայր,— ասաց Սամվելր և հեռացավ լուսամւտից։ — Ես բոլորովին չեմ ծաղրում... Ես ասում եմ այն, ինչ որ դու ես ցանկանում...

Որմիզդուխտը նույնպես ցավելով թողեց այդ խորշը և ցավելով բաժանվեցավ Սամվելի րոպեական դրացությունից։ Նա յուր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի դահլիճի դուռը, առանց նայելու յուր հյուրընկալի վրա։

— Ո՞ւր, Որմիզդուխտ,— ձայն տվեց նա։

— Ես ինձ վատ եմ զգում... գլուխս պտույտվում է... գնում եմ մի փոքր հանգստանալու․․․

Նա շտապով դուրս գնաց, մոռանալով յուր հովհարը, որ դրած էր տիկնոջ գահավորակի վրա։ Սամվելը առեց հովհարը և վազեց նրա ետևից։ Նախասենյակում կանգնեցրեց նրան։