Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/96

Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ, Սամվել,— ասաց խորթ մայրը, ընդունելով հովհարը, և նրա տխրամած դեմքը կրկին փայլեց ուրախության ժպիտով։

— Դու այսօր ճաշին մեզ մոտ չե՞ս լինի,— հարցրեց Սամվելը։

— Ո՛չ...

— Սահակը շատ կցանկանար տեսնել քեզ։

— Իմ կողմից ներողություն խնդրիր։

Նա դուրս եկավ։ Նախասենյակի դռանը երկու սևամորթ ներքինիներ սպասում էին նրան։ Առաջ ընկան և տարան նրան դեպի յուր բնակարանը։

Վերադառնալով դահլիճը, Սամվելը ասաց յուր մորը.

— Դու վիրավորեցիր Որմիզդուխտին։

— Ես չեմ կարող համբերել իմ սենյակում այս տեսակ պարսկական վավաշոտությունների...— պատասխանեց մայրը։

— Բայց դու սիրում ես ամեն ինչ, որ պարսկական է...

— Բայց մտածի՛ր, Սամվել, նա քո հոր կինն է...

— Եվ իմ հարգելի մայրն է... Եթե դու դարձյալ այդպես անվայել կերպով կխոսես նրա վրա, ես իսկույն նրա նման դուրս կգնամ և մյուս անգամ չեմ մտնի այս դահլիճը։

Տիկինը ոչինչ չպատասխանեց։ Որդու սպառնալիքը լռեցրեց նրան։ Կնոջ արտասուքը, մանավանդ մոր արտասուքը, այդպիսի րոպեներում ամենաազդու պատասխանն է լինում։ Մայրը թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Սամվելը անհնարին խռովության մեջ, բարկությունից ձեռքերը շփելով, մոլորվածի նման շրջում էր դահլիճի մեջ և ուշադրություն չէր դարձնում մոր արտասուքի վրա։ Նա դեռ զգում էր յուր կողքին նազելի կնոջ հպավորության ախորժելի շոշափումը, նրա ականջներին դեռ հնչում էր վերջին խոսքերի քաղցրությունը։

Այդ մանկահասակ կինը, որի տարիքը քսանից չէին անցնում, սիրելի էր Սամվելին, սիրելի՛, ավելի այն պատճառով, որ այն դերը, որի համար նա նշանակված էր և որի պատճառով նրա եղբայրը մտցրել էր նրան այդ ընտանիքի մեջ, նա ոչ միայն բնավ չէր կատարում, այլ մինչև անգամ արհամարհում էր։ Պարսից արքունիքը յուր կրթության բոլոր ուժը սպառելով միայն տղաների դաստիարակության վրա, աղջիկները մնում էին համարյա թե անկիրթ և սովորում էին գլխավորապես հարուստ և շքեղ կանանոցի մեղկությունները, զվարճությունները ու բարձր ազնվապետական ծեսերը միայն։ Այդ էր պատճառը, որ նրանք քաղաքական