Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/108

Այս էջը հաստատված է

նրա հանդերձատնից բերված մաքուր անկողնի մեջ, որին ոչ մի «գավուրի» ձեռք չէր դիպել։ Այդ բոլոր գործողությունների ժամանակ դերվիշը լուռ էր և մի առանձին արհամարհանքով նայում էր հայ մելիքի վրա, դժվարանալով հավատալ նրա անկեղծությանը։ Մելիքին ճանաչում էր նա, տեսել էր նրան Պարսկաստանի մի հեռավոր քաղաքում... և գիտեր նրա բոլոր գաղտնիքները...

ԺԳ

Առավոտյան Չալաբիանների ամբողջ ցեղի մեջ լուր տարածվեցավ, թե մելիք Ֆրանգյուլը ընդունել է մահմեդականություն, բոլորը հետաքրքրվում էին, բոլորը ուրախանում էին, որ հայերից մի այդպիսի նշանավոր մարդ մտավ իսլամի գիրկը, և հավատացած էին, որ շատերը կհետևեն նրա օրինակին։ Այդ միջոցին Սյուրին դեռ նոր էր զարթնել, և փաթաթված մետաքսյա նուրբ սփածանելիքի մեջ, նստած էր իր վրանում, գորգի վրա։ Նա պատահած անցքից տեղեկություն չուներ։ Աղախինը բերել էր նրա մոտ փոքրիկ երեխային, որի հետ խաղում էր գթոտ մայրը։ Ֆաթիման – այդպես էր երեխայի անունը – այս առավոտ սովորել էր մի նոր հանաք իր աղախնից. երբ աղլուխը շարժում էին նրա առջև, նա բավական ծաղրական երես շինելով, արտասանում էր. «Աու՜... աու՜...»։ Այդ բավական զվարճացնում էր դժբախտ մորը։

Այդ միջոցին տխուր, բազմահոգ դեմքով մտավ Սյուրիի վրանը ներքինապետ Ահմեդը։ Նրա սովորությունները այն աստիճան ծանոթ էին տիկնոջը, որ տեսնելով նրան վատ տրամադրության մեջ, իսկույն հարցրեց։

– Ի՞նչ է պատահել։

– Շատ վատ բան,– պատասխանեց ծերունին և սկսեց պատմել բոլորը, ինչ որ լսել էր մելիքի մասին։

Ժողովրդի ֆանտազիան արդեն տվել էր անցքին բոլորովին գերբնական կերպարանք։ Պատմում էին, թե մելիքը հրեշտակների թևքերի վրա տարվել էր մինչև հինգերորդ երկինքը, այնտեղ խոսակցություն էր ունեցել Մուհամմեդի և Ալիի հետ, հետո ցույց էին տվել նրան դրախտը ու դժոխքը, ասել էին՝ դրանցից որը կամենում ես ընտրի՛ր։ Մելիքը ընտրել էր դրախտը։ Ցած գալով երկնքից, նա անմիջապես գնացել էր իմամի մոտ։ Իմամը նրա երեսի վրա լույսի ճաճանչներ էր տեսել, և նրա առջևը ընկնելով,