Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

երկրպագություն էր տվել։ Հետո նրան նստացրել էր իր տեղը, և ինքը նստել էր նրանից ցած, ասելով, թե «ինձ պետք է քեզ սպասավորություն անել, դու ավելի սուրբ ես, քան թե ես»։ Հետո իմամը հրամայել էր, որ ընթրիք տան, բայց ընթրիքը ուշացրել էին։ Այդ ժամանակ մելիքը «սալավաթ»[1] էր քաշել երեսին, և նույն վայրկյանում երկնքից ցած էր իջել մի սեղան լի ամեն տեսակ անուշահամ կերակուրներով և այլն։

– Այդ բոլորը հին հեքիաթներ են,– ծերունի ներքինապետի խոսքը կտրեց Սյուրին,– դու այն ասա՛, մելիքը այժմ որտե՞ղ է։

– Նա գտնվում է իմամի մոտ,– պատասխանեց ծերունին խռովյալ ձայնով.– այսօր պիտի կատարվի նրա թլփատության խորհուրդը, և խանը ինքը հանձն է առել քիրվայի (կնքահայրի) պաշտոնը։

– Կնշանակե, մելիքի մահմեդականություն ընդունելը շատ մոտ է խանի սրտին։

– Տարակույս չկա, այդ անհավատները ոչինչ բանով այնքան չեն ուրախանում, որքան ուրախանում են, երբ տեսնում են, որ մի մարդ ընդունում է իրանց կրոնը։

Տիկինն ընկավ դառն մտածությունների մեջ։ Նրա քնքուշ, կրոնական ջերմեռանդությամբ լի սրտի վրա խիստ ծանր տպավորություն գործեց ներքինապետի պատմությունը։ Նա աղլուխը տարավ աչքերին և խուլ կերպով սկսեց հեկեկալ։ Աղլուխը տեսնելով, փոքրիկ Ֆաթիման կրկնեց իր սովորական երգը. «Աու՜… աու՜…»։ Այս անգամ փոքրիկ աղջկա թոթովմունքը մի առանձին ուրախություն չպատճառեց մորը, նա հրամայեց աղախնին դուրս տանել երեխային։

– Ի՞նչ ես կարծում, Ահմեդ,– հարցրեց նա, երբ փոքր–ինչ հանգստացավ իր վրդովմունքից,– այդ ո՞ր սատանան մոլորեցրեց մելիքին, ի՞նչ նպատակ կարող էր ունենալ նա իր վարմունքի մեջ։

– Նպատակը շատ պարզ է, տիկին,– պատասխանեց ծերունին հանդարտությամբ.– մելիքը դիմել էր խանին և խնդրել նրանից Գենվազի ու Բարգյուշատի կառավարությունը։ Խանը մերԺել էր։ Այժմ պետք էր մելիքին մի լավ միջնորդ, որ խանի վրա ազդե և իր նպատակը կատարել տա։ Նա գտավ իմամին։ Բայց այդ մոլեռանդ կրոնավորին գրավելու համար պետք էր նրան մի

  1. Սալավաթը մահմեդականների մոտ փոխարինվում է այն արարողությանը, որ քրիստոնյաները կատարում են երեսը խաչակնքելով։