Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/117

Այս էջը հաստատված է

հասցրել են խանի ականջին։ Նա մի անգամ հրամայեց, թե կամենում է տեսնել պատանուն, բայց ծերունին նրան խաբեց, ասելով, թե նա հիվանդ է, տեղիցը շարժվել չէ կարողանում։

– Այժմ ես մտածում եմ,– առաջ տարավ ծերունին,– եթե պատանուն փախցնելու լինեմ մեր կողմերը, կամ ուղարկելու լինեմ նրան Տաթև, անպատճառ կգտնեն նրան և ետ կբերեն, որովհետև այդ բոլոր տեղերը խանի ձեռքը կհասնի։ Հարկավոր է նրան մի այնպիսի երկիր ուղարկել, որ խանի իշխանությունից դուրս լինի։

– Ուղարկեցեք էջմիածին, այնտեղ օսմանցիներ են տիրում,– պատասխանեց տիկինը։

– Այնտեղ նույնպես հարմար չէ, մի գազանի ձեռքից ազատելով, մյուս գազանների ձեռքը պիտի գցեմ։ Պետք է մի քրիստոնյա տերության մեջ ուղարկել և Վրաստանից ավելի հարմարը չկա։

– Այդ լավ եք մտածել, բայց այնտեղ ու՞մ մոտ կուղարկեք։ Նա այնքան մանուկ է, որ չէ կարելի առանց խնամակալի մի անծանոթ երկիր ուղարկել։

– Ես բոլոր պատրաստությունները կարգադրել եմ, տիկին, ծերունի Ահմեդը այնքան հիմար չէ, որ այդ բաները չհասկանա։

Եվ նա սկսեց պատմել իր կարգադրությունները, ասաց՝ երկու հավատարիմ մարդիկ գիշերով կտանեն պատանուն, կհասցնեն Վրաստանի Մցխեթ քաղաքը։ Այնտեղ ծերունի Ահմեդը ունի մի լավ բարեկամ՝ հայազգի Օրբելյան իշխանին։ Պատանուն կհանձնեն նրան իր նամակի հետ, որի մեջ գրած է նրա հետ պատահած անցքերը, և խնդրում է առնել այդ անբախտ որբին իր խնամակալության ներքո։ Ծերունին հույս ունի, որ իշխանը ամենայն ուրախությամբ կկատարե իր խնդիրքը, որովհետև անցյալ տարի, երբ նա գործով եկավ խանի մոտ, ծերունին նրան մեծ ծառայություններ արեց, և իշխանը ասաց նրան. «Երանի թե մի գործ պատահեր, ես կարողանայի քո պարտավորությունից դուրս գալ»։

– Բայց ի՞նչ կպատասխանես դու, երբ պատանու անհայտանալուց հետո, քեզանից կհարցնեն՝ ու՞ր է նա։

– Ես մի քանի օր գաղտնի կպահեմ նրա փախուստը, մինչև նա կանցնե Վրաստանի հողի վրա, հետո պարզ կերպով կհայտնեմ, թե փախել է, բայց ես ինքս էլ չգիտեմ, ուր է գնացել։

– Այդ բոլորը շատ լավ է խորհված,– ասաց տիկինը ուրախությամբ,– բայց ե՞րբ մտադիր ես ճանապարհ դնել։

– Հենց այս գիշեր. նա այժմ այնքան առողջ է, որ կարող է մի քանի օր ձիու վրա ճանապարհորդել։