Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/122

Այս էջը հաստատված է

քո մարմնի վրա բռնության ձեռքի անջնջելի դրոշմը, ամեն անգամ, երբ կնայես նրա վրա, հիշիր որ դա քո ուխտադրության կնիքն է, հիշիր, որ դու չարաչար կմեղանչես աստուծո և քո ծնողաց հոգիների առջև, եթե չկատարես այն սուրբ խոստմունքը, որ ուխտեցիր նրանց գերեզմանի վրա։

Պատանին լռությամբ լսում էր տիկնոջ խրատները, որպես մի ուխտավոր, որ խորին ջերմեռանդությամբ լսում է քրմուհու պատգամները։ Տիկինը հայտնեց, թե զանազան տխուր հանգամանքներ ստիպում են առժամանակ հեռացնել նրան հայրենի երկրից, և ծերունի ներքինապետի հետ խորհելով, վճռվեցավ նրան ուղարկել Վրաստան։ Պատանին հանձնարարական նամակներ կտանե իր հետ և այնտեղ թե խնամակալություն և թե պաշտպանություն կգտնե մի հայազգի իշխանից, որը բարձր պաշտոն է վարում վրաց թագավորի մոտ։ Տիկինը խոստանում է միշտ և ամեն ժամանակ օգնել պատանուն, որը համարձակ՝ կարող է դիմել իրան, եթե որևիցե բանի մեջ պետք կունենա։

– Առայժմ,– վերջացրեց նա իր խոսքը,– ես իմ օրհնության հետ կարող եմ տալ քեզ այս փոքրիկ քսակը, որը գուցե հարկավոր կլինի քեզ քո պանդխտության մեջ։

– Ինձ բավական է ձեր օրհնությունը միայն,– պատասխանեց պատանին, հրաժարվելով ընդունել քսակը.– իմ ծերունի հայրը հոգացել է բոլորը, ինչ որ պետք է իմ ճանապարհորդության համար։

Վերջին խոսքերով նա ակնարկում էր ծերունի ներքինապետի վրա, որին իր հայր էր կոչում, որի երախտիքը իր կյանքի պահպանության համար երբեք մոռանալ կարող չէր։ Բայց տիկինը դարձյալ ստիպեց նրան ընդունել քսակը, որը չմերժեց նա, համբուրելով իր բարերարի աջը։

Վրանի մեջ զբաղված լինելով, թե տիկինը և թե ներքինապետը չէին նկատել, որ դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Երկինքը պատած էր սև ամպերով և սաստիկ քամին, որ ալեկոծում էր անտառի ծառերը, սպառնում էր սոսկալի փոթորիկ։ Անտառը որոտում էր ծառերի միմյանց զարկվելուց, լեռները թնդում էին, իսկ կայծակը երբեմն փայլատակում էր գիշերային մթության մեջ։ Կարծես աշխարհի վերջը հասել էր և տիեզերքը լցված էր ահռելի արհավիրքով։ Անձրև դեռ չկար, միայն երբեմն խոշոր կաթիլներ, քամու սաստիկ հոսանքի հետ թռչելով, գնդակի նման զարկվում էին մարդու երեսին։ Տիկինը, նկատելով եղանակի