Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/151

Այս էջը հաստատված է

Էինք և ամեն տուն մտնում էինք, երբ գինու լիտրան դատարկվում էր, այնտեղ լցնում էինք, հետո դուրս գալով, կրկին շարունակում էինք մեր զբոսանքը։

– Մի բան մոռացար, կաղ սատանա,– նրա բացատրությունը ուղղեց Բայինդուր իշխանը, գլուխը վեր բարձրացնելով մութաքայի վրայից,– հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ։

– Հա′, հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ,– շարունակեց կաղ սատանան, ավելացնելով.– սպարապետը պառկած էր, մենք նրան քնած տեղից զոռով վեր կացրինք։

Վերջին խոսքերը վերաբերում էին Մխիթար սպարապետին, որը այդ միջոցին հետաքրքրությամբ նայում էր Աղասու վրա։

– Ո՞վ է այդ երիտասարդը,– հազիվ լսելի ձայնով հարցրեց նա Դավիթ Բեկից։

– Մեր կողմերիցն է,– պատասխանեց նա նույնպես կամաց ձայնով։

– Ի՞նչ գործ ունի այստեղ։

– Ես առավոտյան կասեմ քեզ.․․– պատասխանեց Բեկը, և այդ խորհրդավոր խոսակցությանը վերջ տալու համար, դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ ընթրիքի սեղանը պատրաստեն։

Հյուրերը պատի երկարությամբ շարվեցան թախտի վրա, երբ Թինան և Դարոն մոտեցան և սկսեցին տարածել նրանց առջև ընթրիքի սեղանի սփռոցը։ Թախտը այնքան ընդարձակ էր, որ կարող էր տեղավորել իր վրա թե սեղանը և թե բազմականներին։ Կերակուրները տրվեցան պղնձե հասարակ պնակների մեջ։ Աղասուն ևս հրավիրեցին սեղանակից լինել։

Եթե կերակուրները, կարելի է ընդունել որպես մի ժողովրդի ճաշակի նրբության արդյունք և որպես նրա բարեկեցության արտահայտություն, Աղասին այդ մասին ևս մի նպաստավոր կարծիք չկազմեց Վրաստանի վրա։ Կերակուրների մեջ չէր երևում ոչ պարսկական խոհանոցի կատարելագործությունը և ոչ հայկական բազմատեսակությունն ու համեղությունը։ Նրանք ավելի կույր և անշնորհք հետևողություն էին կովկասյան կիսավայրենի լեռնաբնակների՝ լեզգիների ու չերքեզների նահապետական խոհանոցին, քան թե ազգային ինքնուրույն ճաշակի արդյունաբերություն էին։ Տաք մոխրի մեջ խորոված սիմինդրի հացը նույնպես դեռ չէր եկել