Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

Էր նրան, որ այլևս իր համար հոգ չտանե, որովհետև ինքը կարող է կյանքի մեջ իրան ճանապարհ բաց անել։ Իսկ պատանու անձնավստահությունը չպսակվեցավ այն փայլուն հույսերով, որ երևակայում էր նա։

Ի՞նչ կարող էր անել մի անփորձ պատանի օտար, անծանոթ երկրում, ուր ստրկությունը ոչնչացրել էի ամեն արդյունաբեր վաստակ, ուր աշխատանքը ոչինչ գին չուներ, ուր ժողովրդի մեծ մասը ձրիաբար էր գործում մի քանի ծույլ, շռայլ, անկարգ ազնվականների համար միայն։ Իսկ ինքը պատանին ոչ մի գործի համար պատրաստված չէր. արհեստը, որ արհեստավորների բացակայության պատճառով կարող էր այդ երկրում փոքր ի շատե գործադրություն գտնել,– արհեստ չգիտեր նա։ Գյուղում սնված, գյուղում մեծացած, կատարյալ գյուղացի էր նա, փոքր ի շատե ծանոթ գյուղական տնտեսության։ Իսկ մի աշխատություն, որ բոլորովին անարգված էր և որի համար հազարավոր ձրի բանող ձեռքեր կային այդ երկրում,– դա էր գյուղական տնտեսությունը։

Սկզբում նա սկսեց ծախսել իր հետ բերած ոսկիները, որ ընծայել էր նրան Սյուրին. երբ փողերը սպառվեցան, սկսեց վաճառել իր հագուստները։ Միակ բանը, որ նա ամենայն սրբությամբ պահեց իր մոտ,– դա էր ծերունի ներքինապետի ընծայած թուրը, որը վճռեց չկորցնել, եթե քաղցածությունից մեռնելու ևս լինի։

Բայց այդ տեսակ կյանքը երկար շարունակվել չէր կարող, պետք էր մի որևիցե գործ գտնել։ Սկզբում նա իրան այնքան չէր խոնարհեցնում, որ ստոր աշխատություններից սկսե, հետո այդ վիճակի հետ ևս հաշտվեցավ, դարձյալ ոչ ոք նրան գործ չէր տալիս։ Դժբախտությունը օրըստօրե ավելի և ավելի զգալի էր դառնում։ Հպարտությունը չէր ներում նրան, որ իր թշվառության մասին ծերունի ներքինապետին կամ Սյուրիին տեղեկություն տա։ Բայց եթե շատ էլ ցանկանար, ի՞նչ միջոցով կարող էր գրել նրանց։ Հաղորդակցություններ բնավ չկային, պետք էր առանձին սուրհանդակ վարձել, բայց ի՞նչ գումարով, քանի որ ինքը բոլորովին աղքատ էր, և ո՞վ հանձն կառներ փողի համար Վրաստանի սահմաններից դուրս գնալ մի այնպիսի ժամանակ, երբ ճանապարհները լիքն էին ավազակներով, երբ մի սոխի համար մարդու գլուխ էին կտրում։

Նա ապրում էր մի հայ մանրավաճառի տանը, որը իր պարզամիտ հյուրին ըստ կարգին կողոպտելուց հետո, նրա քսակը պարպելուց և նրա հագուստները մերկացնելուց հետո, երբ տեսավ,