Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

— Ես գիտեմ,— ասաց նա, խոնարհվելով իր ընկերոջ երեսի վրա,— դու ոչ հիվանդ ես և ոչ մրսած, բայց գիտեմ, թե ինչո՞ւ է քեֆդ վատ:

— Ինչո՞ւ է վատ,— հարցրեց Դավիթը, գլուխը վեր բարձրացանելով։

— Դու ինձանից ծածկո՞ւմ ես, Դավիթ, ես կարծում էի, դու ամեն բան կասես ինձ,— խոսեց Գեվոն փոքր–ինչ վիրավորված կերպով։

— Ի՞նչ բան պիտի ասեմ քեզ. դու ինքդ ասում ես, թե ամեն բան իմանում ես։

— Հա, իմանում եմ․․․

— Ի՞նչ ես իմանում։

— Դու նրա համար ես տխուր, որ Թամարը էլ ոչխարների մոտ չէ գալիս։— Բայց գիտե՞ս, թե ինչու համար չէ գալիս։

— Ես ոչինչ չգիտեմ, թե դու մի բան գիտես, ասա՛։

— Կասեմ,— պատասխանեց Գեվոն բարեկամական կարեկցությամբ և սկսեց պատմել իր հավաքած տեղեկությունները։ Նա հիշեցրեց Դավթին նրա վերջին անզգույշ տեսությունը Թամարի հետ, հիշեցրեց նրանց սիրային խոսակցությունները, ավելացնելով, որ այդ միջոցին աղախիններից մեկը, թուփերի մեջ թաքնված, լսում էր նրանց, և նա գնացել, բոլորը իմացում է տվել նրա խորթ մորը։

Վերջին խոսքերը լսելու ժամանակ Դավիթը բոլոր մարմնով դողաց. նրան տիրեց մի տեսակ սոսկում, կարծես ամբողջ քարաժայռը, որի տակին պառկած էր նա, փուլ եկավ նրա գլխին։ Նրա երկյուղը, նրա սարսափը իր մասին չէր. նա այն տեսակ երկչոտ բնավորություններից չէր, որ վախենար իր հարաբերությունների — մի իշխանազն աղջկա հետ հայտնվելուց, թող թե, դա մեծ պարոնի եղբոր աղջիկը լիներ։ Շատ–շատ, կթողներ այդ երկիրը և կհեռանար, իր հետ տանելով Թամարի թե սերը և թե տրտմությունը։ Բայց նա վախենում էր նույն իսկ Թամարի մասին, որ իր պատճառով պիտի տանջվեր, պիտի հալածվեր, անարգ նախատինքներ պիտի կրեր։

— Դրանցից ոչ մեկը չի լինի,— մխթարեց նրան բարեսիրտ Գեվոն,— դրանք կարող էին պատահել, եթե Թամարի մայրը խորթ մայր չլիներ։ Բայց նա բավականացավ միայն նրանով, որ արգելեց Թամարին տնից դուրս գալ։

— Նա կարող է հայտնել մեծ պարոնին,— ասաց Դավիթը վրդովված ձայնով։