Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/182

Այս էջը հաստատված է

թանկագին գոհարներով։ Ձեռքերի բոլոր մատների վրա մատանիներ կային։ Ինքը տիրուհին հասակն առած կին էր, կոլոլված, պարարտացած մարմնով և կարմիր, ոչինչ չարտահայտող երեսով, որի հարթ, անորոշ գծերը նրան բոլորովին գնդակի ձև էին տալիս։

– Եթե մի զույգ շեշ ունենամ, ես տարած եմ,– ասաց նա ձեռքի զառերը (թավլի) մատների մեջ շիտկելով։ Ո՞վ սուրբ մատուռ, դու հաջողի՛ր,– դարձավ նա դեպի նվիրական ավերակները, օգնություն հայցելով։

Նա գցեց զառը, մի զույգ շեշ ստացավ։

– Տեսա՞ր, Մելանիա, ինչպե՞ս շուտ կատարվեցավ իմ ուխտը, – բացականչեց նա ծիծաղելով,– ես տարա, ես տարա․․․

– Շուտ կատարվեցավ․..– կրկնեց Մելանիան նույնպես ծիծաղելով.– դու տարար..․

Մի քանի ազնվականների կնիկներ, նույնպես խայտաճամուկ հագուստներով, բոլորել էին նարդու շուրջը և նայում էին խաղին։ Նրանք ավելի ուրախացան, որ վերջապես տիրուհին տարավ Մելանիայից, որ հայտնի էր իր վարպետությամբ խաղի մեջ,– ուրախացան գլխավորապես այն պատճառով, որ երբ նա տանուլ էր տալիս, այնուհետև նրա հետ խոսել անկարելի էր լինում։

Մի փոքր հեռու նստած էր Թամարի խորթ մայրը և խոսում էր մի ալևոր պառավի հետ, որ հարգված էր ազնվական կանանց հասարակության մեջ ոչ միայն իր ծերության պատճառով, այլ բոլորը համարում էին նրան խիստ բարեպաշտ և առաքինի կին։ Խոսակցաթյունը Թամարի մասին էր։

– Ինձ լսիր, զավակս,– ասում էր պառավը,– Լևանը լավ տղա է, սիրուն, շնորհքով, ջահել, էլ ի՞նչ է պակաս։ Գլխի մազերի համբարքով ճորտեր ունի, նրա ապրանքին թիվ ու համար չկա։ Նա սիրում է Թամարին, ինձ ասել է, որ սիրում է. ինձ մոր տեղ է ընդունում նա։ Տո՛ւր աղջիկդ, ուզում է, տո՛ւր, նրանից լավ փեսա չես գտնի։

– Ո՞վ է պտռում նրանից լավը,– պատասխանեց խորթ մայրը զայրացած ձայնով,– բայց որ այդ սատանայի ծնունդը չէ ուզում, ես ի՞նչ պիտի անեմ։

– Սատանայի ծնունդը ո՞րն է, չուզելն ո՞րն է. ի՞նչ ասել է՝ չէ ուզում, աչքը հա՛ն, ուզել տո՛ւր,– խոսեց պառավը նույնպես զայրացած ձայնով։– Դու, ինչպես էլ որ լինի, նրա մոր տեղն ես․ նա ի՞նչ իրավունք ունի քո կամքին հակառակ կենալու։