Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/192

Այս էջը հաստատված է

մահկանացուներ և իրանց գերդաստանի հետ վայելում էին իրանց աղքատիկ ճաշը։ Նրանք ուրախ էին այնքանով ևս, որ գոնե հեռվից լսում են մեծ պարոնի զուռնայի ձայնը։

Իսկ տոլուբաշին խիստ վերևից սկսեց կենաց բաժակները։

Նախ հրամայեց խմել աստուծո կենացը, հետո Հիսուսի կենացը, հետո Քրիստոսի կենացը (նա Հիսուս–Քրիստոսին առանձին–առանձին անձնավորություններ էր համարում). դրանցից հետո հրամայեց խմել մեծ պարոնի կենացը։ Նվագածուները դեռ շարունակում էին քորօղլու եղանակով.

– Եղջյուրները լցրեք,– հրամայեց տոլուբաշին։

Բոլորը հնազանդվեցան նրա հրամանին։

– Այդ էլ խմում ենք մեր տիրուհու կենացը։

– Բայց սպասեցեք, մեծ պարոնը պիտի պար գա։ Համեցեք դարձավ նա դեպի մեծ պարոնը։

Բոլորը, եղջյուրները ձեռքներին բռնած, սպասում էին։ Մեծ պարոնին թեև փոքր–ինչ անվայել էր բազմության առջև պար գալ, բայց ինչ պետք էր անել, տոլուբաշիի հրամանն էր, պետք էր կատարել, ուր մնաց, որ խմվում էր նրա թանկագին տերուհու կենացը։ Նա վերկացավ։

– Լեկզեվար ածեցե՛ք,– հրամայեց տոլուբաշին նվագածուներին։

Նրանք սկսեցին լեկզեվար ածել։ Բազմությունը այժմ ավելի մոտեցավ իշխանական սեղանին։ Ամեն կողմից ամբոխը վրա էր թափվում։

Եթե սուրբ գիրքը տալիս է մեզ մի հետաքրքիր օրինակ, թե ինչպես Դավիթը, Իսրայելի մարգարեն և թագավորը, ներշնցված մի սրբազան ոգևորությամբ, պար էր գալիս տապանակ ուխտի առջև,– ոչ սակավ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես վրաց երկրի տերն ու իշխանը, Կախեթու գինու ազդեցության ներքո, սկսեց իր պարը։ Հազարավոր ձեռքեր ծափ էին տալիս, բազմաթիզ զուռնաներ և նաղարաներ որոտում էին։ Այդ միջոցին սեղանակից տիկիններն էլ վեր առին իրանց մոտ դրած դայիրաներն ու թմբակները, սկսեցին ածեր նվագարանների հնչյունների հետ միախառնվում էին և հիացած բազմության խառնաձայն աղաղակները, կազմելով խիստ անախորժ, վայրենի Ներդաշնակություն։

– Բավակա՛ն է,– հրամայեց տոլուբաշին։