Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/198

Այս էջը հաստատված է

– Ինչու՜ այսպես ուշ,– հարցրեց պատանին, սաստիկ խղճահարությամբ։

– Այդ ոտներով շատ հեռու չես գնա,– ասաց մուրացկանը, ցույց տալով տախտակից շինված հողաթափները, որ հագել էր ձեռքերի թաթերի վրա։

Պատանին ձգեց նրան հովվապետից ստացած սև փողերը և հեռացավ։ Նա դուրս եկավ դեպի մատուռը տանող նեղ ճանապարհից և մտավ այն ձորի մեջ, որ կողմից մի քանի րոպե առաջ անցավ աղջիկների խումբը։ Նրանք շատ չէին հեռացել. ամեն մի ծաղիկ, ամեն մի թիթեռնիկ, ամեն մի վտակ իր պայծառ, ուրախաձայն հոսանքով գրավում էր, հրապուրում էր, նրանց իր մոտ էր կանչում։ Պատանին այժմ այնքան մոտացել էր, որ կարողանում էր հեռվից ճանաչել նրանց։ Թամարը Սալոմեի հետ առանձնացած, գնում էին բոլորովին բաժանված ամբողջ խմբից։ Պատանին, կարծես, լսում էր նրանց ձայնը և հասկանում էր նրանց խորհրդավոր քրթմնջոցը։ Բայց իսկապես նա ոչինչ չէր լսում. միայն նրա սրտում խոսում էր Թամարի սերը։ Նա մտավ թուփերի մեջ, որ չնկատվի։ Սկսեց մի կողմից կամաց–կամաց հետևել նրանց։ Խիտ մացառների միջով անցքը բավական դժվարին էր։ Նա չէր նկատում, թե որպես պատառոտվում էր իր հագուստը. նա չէր զգում, թե որպես թփերի փշոտ ոստերը զարկվում էին իր երեսին։ Նա երջանիկ էր և գոհ, որ գոնե հեռվից տեսնում է Թամարին։

Աղջիկների խումբը դիմում էր դեպի Կուրի ափը. այդ ձորը տանում էր ուղիղ դեպի գետի կողմը։ Նրանք ցանկանում էին նայել հորդացած գետի վրա, ցանկանում էին տեսնել, թե որքան բարձրացել է այս տարի Կուրը։ Ի՞նչ զվարճություն էին գտնում հեղեղատի պղտոր ալիքների մեջ։ Պատանին, չդուրս գալով իր դարանից, շարունակում էր հետևել նրանց։

Այդ միջոցին մատուռի մոտ արդեն սկսվում էին մրցությունները։ Բազմությունը հավաքվել էր մի հարթ տափարակի վրա։ Դուրս էին բերել մեծ պարոնի և Արչիլ թավադի որդու խոյերը։

– Ետ քաշվեցեք, ետ քաշվեցեք,– ձայն էին տալիս բազմությանը։

Բազմությունը ետ քաշվեցավ և հարթ տափարակի վրա բացվեցավ հրապարակի նման մի տեղ։ Նրա միջնավայրում կանգնեցրել էին երկու խոյերը միմյանցից փոքր–ինչ հեռու։ Ազնվականները շրջապատել էին նրանց։ Բազմությունը հեռվից նայում էր։