Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/207

Այս էջը հաստատված է

վարդապետներին կանչել տվի, բոլորն էլ էշի նման կանգնեցին, մնացին. ոչ մեկը կարդալ չկարողացավ, հենց որ Գաբրիելը առեց ձեռքը, ջրի պես վազեց։

Գաբրիելը գլուխ տվեց, և որպես վայել էր պալատի քարտուղարին, բարձրացավ, նստեց թախտի վրա։

– Դե՛, Գաբրիել, գրիչդ ու թանաքամանդ քոքիր– ասաց նրան մեծ պարոնը,– գրելու բան ունես։

Գաբրիելը պղնձե թանաքամանը, գոտիի մեջ խրած, միշտ պատրաստ էր։ Նրան ման էր ածում իր հետ քարտուղարը ոչ միայն իբրև ապացույց իր անհուն գիտության, այլ առավել որպես նշան այն բարձր պաշտոնի, որ նա վարում էր պալատում։ Նա ուներ ճիշտ այն թանաքամանների ձևն ու նմանությունը, որ մինչև այսօր գործ են ածում էրզրումի և Վանի կողմերի հայերը։ Նրա երկայն, խողովակաձև փողի մեջ կային եղեգնյա գրիչներ, գրչահատ և փոքրիկ պղնձե գդալ մեջը ջուր ածելու համար։ Այդ թանաքամանը, որ գուցե երկրորդն էր ամբողջ Մցխեթի մեջ, մեծ պարոնը ընծա էր ստացել մի տեղից և իր կողմից ընծայել էր քարտուղարին։

Որովհետև ամիսների ընթացքում հազիվ էր պատահում մի բան գրել, այդ պատճառով Գաբրիելի թանաքամանը միշտ ցամաք էր լինում։ Այդ հանգամանքը բոլորին ծանոթ լինելով, Թամարի խորթ մայրը, առանց խնդրելու, վեր կացավ և մի ամանով ջուր բերեց, որ նա ածե թանաքամանի մեջ։ Թեև այդ գործողության համար թանաքամանի խողովակի մեջ փոքրիկ գդալ կար, բայց Գաբրիելը գործը ավելի հեշտացնելու համար ձեռքը կոխեց ջրի ամանի մեջ և բռնեց թանաքամանի վրա. թրջված մատերից ջուրը սկսեց կաթկաթել նրա մեջ։ Այնուհետև թրջված ձեռքը սրբեց իր փարաջայի փեշով։

Թանաքամանը կազմ և պատրաստ էր. մնում էր եղեգնյա գրիչներից մեկի բթացած ծայրը սրել, երբ այդ աշխատությունն էլ վերջացավ, քարտուղարը մի առանձին հպարտությամբ դարձավ դեպի ատյանը, ասելով.

– Հիմա թուղթ տվեցեք, որ գրեմ։

Այդ ամենադժվար խնդիրն էր. թղթի մասին դեռ ոչ ոք չէր մտածել։ Ամբողջ պալատում ման եկան, ամեն տեղ որոնեցին, ոչ մի պատառ թուղթ չգտան։ Հետո ուղարկեցին վանքը, այնտեղ էլ չգտնվեցավ. բայց վանահայրը այնքան հնարիմաց էր, որ մեծ պարոնի մարդուն ձեռնունայն հետ չդարձրեց. նա կտրեց մի հին գրչագիր գրքի կազմից մի թերթ մագաղաթ և ուղարկեց։