Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/210

Այս էջը հաստատված է

կերպով կանգնելով։– Ի՛նչ ասեմ, իմ տեր, աստված գիտե, քնած է, թե արթուն է։ Գիշերը ձեր գնալուց հետո նա երկար անքուն մնաց, մինչև առավոտ ճրագը վառվում էր։ Հետո կանչեց ինձ, ասաց. «Քեթևան, ես ուզում եմ մի փոքր հանգստանալ, ով որ գալու լինի, ինձ չզարթեցնեք, իսկ եթե սպարապետը գալու լինի, զարթեցրեք»։ Հիմա դուք եկաք։

– Այո′, ես եկա, դու խո տեսնում ես, որ եկա, դե, գնա զարթեցրու, իմ սիրելի Քեթևան,– ասաց սպարապետը, երբ տեսավ, որ պառավը տեղից չէ շարժվում։

– Կգնամ, ցավդ առնեմ, կգնամ,– ասաց պառավը, իր քայլերը ուղղելով դեպի ախոռատունը,– թող այդ կուտը տանեմ հավերին տամ, հետո կգնամ, ցավդ առնեմ։

– Իսկ ես այս անձրևի տակ կանգնած պիտի սպաս՞մ, սիրելի Քեթևան,– հարցրեց սպարապետը, փոքր-ինչ վրդովվելով։

– Ինչո՞ւ եք սպասում, ցավդ առնեմ, եկեք ինձ հետ, տանենք կուտը տանք, այնտեղ հավերի մոտ ծածկված է, չեք թրջվի, ցավդ առնեմ։

Սպարապետը նկատելով, որ պառավը կամենում էր դեռ առաջ հավերին մի ծառայություն անել տալ և հետո զարթեցնել Բեկին, այլևս չսպասեց, մտավ նրա ընդունարանը։ Ընդունարանից, որի հետ ծանոթ է մեր ընթերցողը, մի նեղ դուռ տանում էր դեպի Բեկի ննջարանը, որը միևնույն ժամանակ վրաց առաջին պետական մարդու կաբինետն էր։ Սպարապետը մի քանի անգամ բախեց դուռը։ Շուտով հայտնվեցավ շեմքի վրա Բեկը։ Նրա հոգնած, գունաթափ դեմքից երևում էր, որ նա ամբողջ գիշերը կամ ամենևին քնած չէր, կամ փոքր–ինչ նիրհել էր միայն առանց հանվելու։

– Դու հիվա՞նդ ես, ի՞նչ է պատահել քեզ,– հարցրեց սպարապետը հետ–հետ քաշվելով.– դու ամենևին քեզ նման չես։

– Ներս եկ․ այստեղ ավելի լավ է,– խոսեց Բեկը, կարծես ասելով, թե ինչ հարցրին իրանից։– Նստիր այստեղ, ոչ ոք չի խանգարի մեզ։– Նա ցույց տվեց փոքրիկ թախտը, որի վրա պառկում էր ինքը։

Սպարապետը չհանգստանալով, դարձյալ հարցրեց.– քեզ հետ, երևի, մի վատ բան է պատահել։

– Ոչինչ բան չի պատահել, միայն գիշերը անքուն եմ անցկացրել։ Նստիր,–ասաց նա, կրկին ցույց տալով թախտը։

Ննջարանը տախտակից շինված փոքրիկ սենյակ էր, որի մի հատիկ լուսամուտը բացվում էր դեպի պարտեզը։ Դրսում օրը