Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/212

Այս էջը հաստատված է

Հանգստացնելով սպարապետին, Բեկը դուրս եկավ Բայինդnւր իշխանին ընդունելու համար։ Նա տեսավ՝ պարսից թագավորի «բաթման ղլիճը» բռնել էր իր ծառայի ականջից, և ձիգ տալով, նրա գլուխը կպցրել էր գետնին, երեսը շփում էր ցեխի մեջ, ասելով․

– Էլ մյուս անգամ չհամարձակվես ասել Բայինդուրին, թե Բեկը ոչ ոքի չէ ընդունում։

Տեսնելով Բեկին, ասաց նրան․

– Գիշերը այստեղ շունը առաջս կտրեց, հիմա էլ այդ անպիտանը. մեկը մյուսից ոչնչով պակաս չեն. բայց երկուսն էլ լավ խրատվեցան. թող դրանից հետո գնան իրանց հանգուցյալ հորը խաբար տանեն, թե պարսից թագավորի «բաթման ղլիճը» ինչպես վարվել գիտե մարդերի հետ։

Այդ խոսքերը մրթմրթալու միջոցին, նրա աչքը ընկավ Բեկի երեսին։

– Ինչո՞ւ ես ռեխդ այդպես թթվացրել,– հարցրեց նրանից.– չլինի՞ թե վատ երազ ես տեսել։ Այնտեղ ո՞վ կա,– նա ձեռքը մեկնեց դեպի ննջարանը։

– Ոչ ոք, սպարապետն է միայն։ Գնանք,– ասաց Բեկը, նրա ձեռքից բռնելով։

– Ճշմարիտ, չգիտեմ, թե ինչո՞ւ այդ մարդու երեսը տեսնելիս, ինձ միշտ թվում է, թե տերտերի առջևը չոքած, ես խոստովանում եմ իմ հին ու նոր մեղքերը, պատմում եմ իմ երևելի ու աներևույթ հանցանքները։

– Լավ, գնանք, շատ դուրս մի տար,– ասաց Բեկը ծիծաղելով,– եթե երկար կմնաս այստեղ, անձրևը բոլորովին կթրջե քեզ։

Անձրևը դեռ մաղվում էր։ Բայինդnւր իշխանը դեռ կանգնած էր բակում և ջուրը նրա գանգրահեր յափունջու մազերից առատությամբ կաթկթում էր։ Նա ներս մտավ ընդունարանը, յափունջին կախեց մի ցցից, որ ցամաքի, հետո մտավ Բեկի ննջարանը։ Տեսնելով այնտեղ սպարապետին լուռ մտախոհության մեջ, ասաց նրան.

– Շատ մի մտածիր, շուտ կպառավես, աշխարհը հիմա գժերին է պատկանում. «Ով չուստ, նա կուշտ»։

Սպարապետը ոչինչ չպատասխանեց, միայն նայեց նրա երեսին և ծիծաղեց։ Իսկ «բաթման ղլիճը», մի քննական հայացք ձգելով փոքրիկ սենյակի շուրջը, ասաց նրանց.

– Էլի ինչո՞ւ եք մտել այդ ծակը, էլ ի՞նչ սատանաներ ունիք նայելու։