իմամին կռվացնել Հայաստանում բնակվող մահմեդականների հետ, պետք է միմյանց խեղդել տալ, որ հայերը ազատվեն։– Այժմ հասկանո՞ւմ ես, թե որ շունը ո՛ր շան հետ պիտի կռվացնել։
– Հասկանում եմ... Բայց ի՞նչ հնարքով,– հարցրեց գերեվաճառը,– ձեզ հայտնի է, որ մահմեդականին մահմեդականի հետ կռվացնելը բավական դժվար բան է։
– Այդ ուղիղ է, եթե նրանք միևնույն աղանդին պատկանեին, բայց Դաղստանի լեզգիները պատկանում են սուննի աղանդին, իսկ Հայաստանի թուրքերն ու պարսիկները պատկանում են շիա աղանդին։ Իսկ այդ երկու աղանդները այնքան հակառակ են միմյանց, որ յուրաքանչյուր աղանդավորը մի առանձին կրոնական առաքինություն է համարում իր հակառակորդին սպանելը։
– Այդ լավ է, եթե այդպես լիներ,– խոսեց գերեվաճառը և ավելի սրեց իր ուշադրությունը։
– Ես Հայաստանից տեղեկություններ եմ ստացել, Սաքուլ, այնտեղ մի այնպիսի անցք է պատահել, որ եթե Դաղստանի իմամը լսելու լինի, սաստիկ կկատաղի մահմեդականների վրա։
Եվ Բեկը սկսեց պատմել այդ անցքի մանրամասնությունները, ասաց, որ Սյունյաց աշխարհում գտնվում են փոքրաթիվ մահմեդականներ, որոնք պատկանում են միևնույն աղանդին, որը պաշտում են Դաղստանի լեզգիները, այդ մահմեդականները կատարելիս են եղել մի կրոնական տոն իրանց խալիֆայի՝ Օմարի հիշատակի համար։ Տեղային մյուս մահմեդականները, որոնք թվով ավելի շատ են, որոնք հակառակ աղանդին են պատկանում և որոնք սաստիկ ատում են, նզովում են Օմարին,– այդ տոնախմբության օրը հարձակվում են տոն կատարողների վրա, շատերին սպանում են, շատերին վիրավորում են և նրանց մզկիթները լեցնում են սատկած շներով։– Մի այդպիսի անցք եթե լսելու լինի Դաղստանի իմամը, ես հավատացած եմ, որ առանց պատժի, առանց վրեժխնդրության չի թողնի իր կրոնակիցներին այսպես բարբարոսաբար անարգողներին։
– Ես էլ այդպես եմ կարծում,– պատասխանեց գերեվաճառը Բեկի պատմությունը լսելուց հետո։– Հիմա հավատացած եմ, որ կարելի է «շունը շան հետ կռվացնել»։
– Բայց այդ շուտ պետք է լինի, շատ շուտ,– ասաց նրան Բեկը,– գոնե այս ամսի վերջում։
– Ինչո՞ւ անպատճառ այս ամսի վերջում,– հարցրեց գերեվաճառը։