Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/223

Այս էջը հաստատված է

– Բայց դու վսհություն ունե՞ս այդ մարդկանց հավատարմության վրա,– հարցրեց սպարապետը ցած ձայնով։

– Բոլորին իմ հինգ մատի պես ճանաչում եմ. չափազանց ճարպիկ, հաջողակ, փորձված և վերին աստիճանի անձնվեր մարդիկ են։ Եթե ասելու լինես՝ կրակի մեջը մտիր, իսկույն կնետվեն։ Եվ գլխավորն այն է, որ այդ մարդիկներից ամեն մեկն ունի իր պատմությունը, տոգորված է իր տոհմային ավանդություններով։ Նրանցից չկա մեկը, որ իր սրտում չկրեր մի գաղտնի վերք, որ ստացել էր բռնության կոպիտ ձեռքից։ Եվ հենց այդ տեսակ հալածված, տանջված և վշտացած մարդիկը մեզ պետք կգան։

– Ես էլ այսպես եմ կարծում,– ասաց սպարապետը և նրա մռայլված դեմքը, որ մինչ այժմ բավական տխուր էր երևում, սկսեց փոքր առ փոքր պայծառանալ։

Հաղորդելով սպարապետին իր տեղեկությունները, իշխանը հարցրեց.

– Հիմա դու պատմիր, ինչպե՞ս վերջացրեց Բեկը մեծ պարոնի հետ, ես այսօր ժամանակ չունեցա նրան տեսնելու։

– Ես տեսնվեցա, շատ լավ է վերջացրել,– պատասխանեց սպարապետը,– մի այնպիսի բան է հնարել, որ կարողացել է մեծ պարոնի հաճությունը ստանալ։

– Այսպիսի դեպքերում փոքր–ինչ խորամանկությունը, իմ կարծիքով, ներելի է,– ասաց իշխանը ծիծաղելով,– ես կարող եմ երևակայել, թե ինչ բան հնարած կլինի։

– Նա հայտնել է մեծ պարոնին, թե դիտավորություն ունի էջմիածին ուխտ գնալու, թե այնտեղ մեռոն պիտի եփվի, ցանկանում է ներկա գտնվել այդ հանդիսին։ Եվ այս առիթով նպատակ ունի այցելել իր հայրենիքը, որից շատ տարիներ բաժանված է։

– Վատ չէ հնարել,– ասաց իշխանը՝ շարունակելով իր ծիծաղը,–ուխտագնացությունը սնահավատների վրա միշտ մեծ ազդեցություն է անում։ Իսկ եթե Բեկը պարզ հայտնելու լիներ իր նպատակը, ի՞նչ ես կարծում, գուցե մեծ պարոնը իր կողմից կօգներ նրան։

– Նա վրացիների օգնության վրա վստահություն չունի։ Եվ մեծ պարոնը կախված լինելով պարսիկներից, գուցե ինքը առաջինը կլիներ, որ կմատներ նրան, պարսիկներին մի ծառայություն անելու համար։

– Շատ հավանական է,– ասաց իշխանը,– դրանցից ամեն