Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/228

Այս էջը հաստատված է

ինչպե՞ս բացատրել Թամարին իր գնալու նպատակը, ի՞նչ խոսքերով հանգստացնել նրան։ Նրան խո չէ՞ր կարելի խաբել, թե ուխտ եմ գնում և շուտով կվերադառնամ։ Նրան պետք էր պարզ ասել, թե գնում եմ կրակի և արյան մեջ,– գնում եմ սարսափելի վտանգների և փորձանքների հետ պատերազմելու։ Արդյոք կդիմանար սիրող օրիորդի քնքուշ սիրտը այդ սոսկալի խոսքերին։ Արդյոք ինքն այնքան ուժ և կամքի հաստատություն կունենա՞ր, որ հաղթեր իր զգացմունքներին, որ չընկճվեր նրա արտասուքի առջև, երբ լսելու լիներ այդ խոսքերը. «Ա՜խ, մի՛ գնա... եթե քեզ մի օր չտեսնեմ, ես կմեռնեմ․․․»։

Հարյուրավոր այս տեսակ հարցեր ծագեցան նրա մտքում, խռովում էին, տակնուվրա էին անում նրա սիրտը, և այն մարդը, որ մինչև այսօր ոչ մի դժվարության առջև խոնարհված չէր, այժմ գտնվում էր շվարած, շփոթված և բոլորովին անել դրության մեջ։

– Ո՛չ,– ասաց ինքնիրան երկար մտատանջությունից հետո,– Թամարը բարձր է բոլոր կանացի թուլություններից, ես այդ մտածություններով ստորացնում եմ նրա արժանապատվությունը։ Նա ինքը կներշնչե իմ մեջ իր հոգին. նա ինձ ուժ և զորություն կտա հաջողությամբ կատարելու այն մեծ գործը, որի համար հայրենիքը կոչում է ինձ։

Այդ խոսքերից հետո նա վեր առեց նամակը և կնքեց։ Հետո ներս կանչեց Աղասուն, որ ընդունարանում սպասում էր։

– Դու բոլորովին պատրա՞ստ ես,– հարցրեց նրանից։

– Պատրաստ եմ, ձին բակումը սպասում է, այս րոպեիս կարող եմ ճանապարհ ընկնել,– պատասխանեց սուրհանդակը, ընդունելով նամակը և դնելով իր կաշյա թղթապահի մեջ։

– Գիտե՞ս, Աղասի,– ասաց նրան Բեկը,– եթե դու այդ նամակը կորցնելու լինես, եթե դա մեր թշնամիների ձեռքը անցնելու լինի, այն ժամանակ շատ բան կկորցնենք։

– Այդ մասին անհոգ կացեք, տեր իմ, Աղասին երեխա չէ։ Տեսնո՞ւմ եք այս հագուստը, որի մեջ մտել եմ, այս հագուստով ես անհուն գազանների բանակի միջով կարող եմ անցնել և հասնել մինչև մեր երկիրը։

Նա ոտքից ցգլուխ հագնված էր լեզգու ձևով։

– Ուրեմն մի ուշացիր, բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ,– ասաց Բեկը, տալով նրան մի քանի ոսկիներ՝ ճանապարհին ծախսելու համար։