Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

Այս պատճառով Հարունը շատ ուրախ եղավ, երբ իշխանը հրամայեց նրան հայտնել ծառաներին, որ ձիաները պատրաստեն։

– Միթե իմ տունը արժան չէ՞ ձեզ մի գիշեր անցկացնելու համար,– ասաց նա կեղծ քաղաքավարությամբ։– Այժմ ո՞ւր կարող եք գնալ, շատ ուշ է։

– Չեմ կարող մնալ,– պատասխանեց իշխանը։

– Մնացեք, խնդրում եմ...– աղաչում էր Եսթերը այնպիսի մի ձայնով, որ կարող էր ազդել ամեն մի երիտասարդ սրտի վրա։

Հարունը թեքվեցավ և այնպես պարզ փսփսաց կնոջ ականջին, որ բոլորը լսեց իշխանը.

– Դու չե՞ս հասկանում, հիմար, որ հրեայի տունը, հրեայի հացը պիղծ է քրիստոնյայի համար։

– Ես նրա համար մաքուր անկողին կպատրաստեմ,– ասաց կինը լսելի ձայնով, ուշադրություն չդարձնելով, որ այրը նրա հետ ծածուկ է խոսում։

– Շնորհակալ եմ, Եսթեր,– ասաց իշխանը դառնալով դեպի կինը,– ցավում եմ, որ չպիտի կարողանամ մնալ, մի անհրաժեշտ գործ ստիպում է ինձ հեռանալ այստեղից։ Բայց խոսք եմ տալիս, երբ մյուս անգամ կգամ կնիքները ստանալու, գիշերը հյուր կմնամ ձեզ մոտ։

Հարունը առանց սպասելու իշխանի հրամանին, դուրս եկավ խրճիթից ծառաներին պատվիրելու, որ ձիաները պատրաստեն։ Այդ միջոցին Եսթերը մոտեցավ իշխանին, և նրա աջը բռնելով իր դողդոջուն ձեռքերի մեջ, կրկին սեղմեց իր վառված շրթունքների վրա, ասելով.

– Ես ձեզ շատ բաներ ունեի ասելու... խիստ շատ բաներ... Ափսո՛ս որ չմնացիք...

Խեղճ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ։

Դրսից լսելի եղավ Հարունի հազալու ձայնը, որ նշան էր, թե ահա գալիս եմ։ Կինը հեռացավ իշխանի մոտից։

– Լսո՞ւմ ես, Հարուն, ուղիղ մեկ ամսից հետո կնիքները պետք է պատրաստ լինեն, քառասուն հատ։

– Լսում եմ, աղա, միամիտ կացեք։ Հարունը մի աշխատություն երբ հանձն առեց, իր ժամանակին կկատարե։

– Մնացեք բարյավ, Եսթեր։

Այր և կին դուրս եկան հյուրին ճանապարհ դնելու։ Երբ նրանք փոքր-ինչ հեռացան, Հարունը ասաց Եսթերին.

– Ես էգուց առավոտյան քո հոգին կառնեմ...