Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/231

Այս էջը հաստատված է

Թամարին իմացում տուր, որ գիշերը պիտի գամ մնաք բարով ասելու»։ Բայց ես՝ հիմարս մոռացա, չհայտնեցի ձեզ։

Կատոն իրանից հնարեց վերջին խոսքերը։ Բեկը նրան ամենևին այդպիսի բան ասած չէր։ Նա մտածեց օրիորդին առժամանակ միայն հանգստացնել, մինչև կամ ինքը կգնա Բեկին կկանչե, կամ տեսությունը կհետաձգե հետևյալ օրը։ Բայց փոխանակ հանգստացնելու, ավելի վրդովեց նրան։

– Ո՞ւր է, ապա ինչո՞ւ չեկավ, շուտով կեսգիշեր կլինի,– ասաց նա՝ գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից և վայրենի հայացքով նայելով իր շուրջը։– Չէ՛, չէ՛, նա չի գա. ես ինքս կգնամ նրա մոտ․․․

Այս խոսքերը ասելով, կատաղածի պես գլուխը բաց, արձակ մազերով նա դուրս պրծավ սենյակից և անհայտացավ գիշերային խավարի մեջ։ Աղախինը վազեց նրա ետևից և հազիվ կարողացավ բռնել, երբ տակավին չէր դուրս եկել տան բակից։– Թամար, ցավդ առնեմ,– աղաչում էր նա իր գրկի մեջ պահած ունենալով ցնորածի պես խելքն ու միտքը կորցրած օրիորդին։– Թամար, այդպես չէ կարելի, ի՞նչ կասեն, եթե փողոցում քեզ կտեսնեն։ Այդպես չէ կարելի, Թամար։ Բեկը ինքը կգա, անպատճառ կգա։

Աղախինի խոսքերը ամենևին չլսեց օրիորդը, նա այն աստիճան սարսափելի հոգեկան վրդովմունքի մեջ էր գտնվում, գուցե լսեց բոլորը, բայց չհասկացավ։ Բորբոքված զգացմունքների կատաղությունը նրան ըմբիշի ուժ և զորություն էր տվել։ Կատոն իր զորեղ ձեռքերով չկարողացավ պահել նրան իր գրկի մեջ։ Նա դուրս պրծավ և վազեց դեպի բակի դուռը։ Բարեբախտաբար դռները բաց էին, եթե ոչ ամբողջ տունը կզարթեցներ նա։ (Մեծ պարոնի դռները սովորաբար գիշեր և ցերեկ բաց էին թողնում)։ Նա անցավ առանց նկատելու։ Պահապանները, կծկված իրանց յափունջիների մեջ, նիրհում էին։

Այդ միջոցին Կատոն շտապով մտավ օրիորդի սենյակը, խլեց այնտեղից մի շալ և վազեց նրա ետևից։ Նա գտավ օրիորդին փողոցում, գլուխը բաց, հերարձակ աճապարում էր դեպի Բեկի տունը։

– Ծածկվեցեք այդ շալով, ես կտանեմ ձեզ,– կանգնեցրեց օրիորդին և սկսեց փաթաթել նրա գլուխը և ուսերը ընդարձակ շալով։