–Դու ամեն բան լսել ես, Թամար, բոլորը գիտես,– վերջապես խոսեց նա բավական հանգիստ ձայնով։– Դու ուրիշներից լսեցիր այն, ինչ որ ես ուղղակի պիտի ասեի քեզ։ Այդ մի կողմից լավ է, որ դու արդեն նախապատրաստված ես, որ դու արդեն փորձել ես դառն տանջանքի ամենածանր մասը։ Բայց ես ավելին պիտի ասեմ քեզ, և հավատացած եմ, որ դու այնքան սրտի ամրություն ունես, որ սառնությամբ կլսես ինձ։ Մի կողմ դնենք մեր զգացմունքների թուլությունները, որ կարողանանք հասկանալ միմյանց։
Օրիորդը գլուխը քարշ գցած լսում էր։ Բեկը շարունակեց․
– Դու դեռ բոլորը չգիտես, Թամար, դու լսել ես միայն, որ ես գնում եմ, բայց ո՞ւր եմ գնում, ինչի՞ համար,– այդ չգիտես դու։ Ես բոլորը, կասեմ քեզ, հավատացած լինելով, որ քեզ հայտնած ամեն գաղտնիք, դարձյալ իմ սրտումը կմնա։– Ես գնում եմ իմ հայրենիքը, Թամար, և գուցե հավիտյան բաժանվում եմ քեզանից, գուցե այլևս չպիտի տեսնենք միմյանց։ Ես զգում եմ, թե այդ խոսքերը որքան ծանր են քո սրտին, զգում եմ, թե որքան դառն պիտի լինի քեզ համար ինձանից բաժանվելը։ Բայց ես հենց քեզ դատավոր պիտի ընտրեմ, և գիտեմ, որ արդար դատավոր կլինես։ Եթե դու ասելու լինես՝ «մի՛ գնա»,– ես չեմ շարժվի իմ տեղից։ Կամենո՞ւմ ես դատավոր լինել։
– Խոսիր,– ասաց օրիորդը գլուխը վեր բարձրացնելով։
– Մենք սիրում ենք միմյանց, Թամար։ Ես այդ «սիրում ենք» այդպես եմ հասկանում, թե մեր երկուսիս մեջ կա մի սիրտ, կա մի հոգի– այն, ինչ որ կրոնավորը այր և կնոջ մասին ասում է՝ երկու անձինք մի մարմնի մեջ միացած։ Եթե այդպես է, եթե մենք երկուսս միևնույն հոգին, միևնույն սիրտն ենք կրում, ուրեմն, ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում, իսկ դու պիտի սիրես այն, ինչ որ ես եմ սիրում։ Ուրիշ կերպ ներդաշնակություն կայանալ չէ կարող։– Այդպե՞ս է։
– Այդպես է,– պատասխանեց օրիորդը։– Հիմա այն ասա՛, թե ի՞նչ ես սիրում դու, որ ես էլ նույնը սիրեի։
– Ես սիրում եմ իմ հայրենիքը և իմ ազգը։ Ես իմ անձի մասին շատ բան պատմել եմ քեզ, Թամար, դու գիտես իմ կյանքի բոլոր մանրամասները, սկսյալ իմ մանկությունից մինչև այժմ։ Բայց իմ ազգի, իմ հայրենիքի մասին դեռ ոչինչ չեմ պատմել քեզ։– Եվ նա սկսեց նկարագրել Հայաստանը այնպիսի ազդու, կենդանի գույներով, որ չէր կարելի սառնասրտությամբ լսել։