Սպահանը` պարսից մայրաքաղաքը լիքն էր այդ ժամանակ վրացի ազնվականներով, նրանք պատվի և պաշտոնի համար ծախում էին ամեն բան, ինչ որ սուրբ և նվիրական էր իրանց ազգի համար, և մահմեդականություն ընդունելով, ստանում էին պաշտոններ կամ իրանց հայրենիքում, կամ Պարսկաստանում։ Շատերը այնտեղ ամուսնանում էին պարսիկների հետ, որդիք էին ծնում, որոնք պարսկական սովորությունների մեջ կրթվելով, բերում էին պարսից զեխությունը, շռայլությունը, անբարոյականությունը դեպի իրանց հայրենիքը։ Այսպիսով վրաց ազնվականների վաղեմի պարզ, նահապետական բարքուվարքը փչացավ և նրան փոխարինեց պարսից հարեմներից ստացված ծույլ, անհոգ, ամեն ինչ վատնող, ամեն ինչ ոչնչացնող բնավորությունը, որի հետքերը մնում են մինչև այսօր։ Վրաց այն ժամանակվա տիրապետող իշխաններից ոչ մեկը չէ կարելի ցույց տալ, որ իր կյանքի մեծ մասը Պարսկաստանի մայրաքաղաքում մաշած չլիներ։ նրանք կողոպտում էին իրանց երկիրը, աղքատացնում էին ճորտերին, և նրանց դառն աշխատության պտուղը շռայլությամբ վատնում էին Պարսկաստանում։ Վրաստանը լեզգիների ոտքի տակ ավերակ էր դարձել. Դաղստանը լիքն էր վրացի գերիներով, բայց վրաց իշխանները, փոխանակ իրանց աշխարհը պահպանելու, նրան անտեր թողած, իրանց երկրի ամենաընտիր տղամարդիկը տանում էին Պարսկաստան և պարսից շահի համար հեծելազորք էին կազմում, ավղանների հետ էին պատերազմում, որ խանություն ստանան[1]: Պատվի և պաշտոնի համար ամեն բան ծախում էին նրանք, մինչև անգամ իրանց քույրերը, հարազատ աղջիկները, որ տալիս էին պարսից մեծամեծներին, նրանց պաշտպանությունը վայելելու համար[2]:
Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/255
Այս էջը հաստատված է