Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/263

Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված է


– Ես կամենում եմ քեզ հետ կարճ կտրել Դավիթ,– ասաց իշխանը գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ Բեկի երեսին նա լելով։– Նախքան քո հարցուփորձը սկսելը, իմացած եղիր, որ ես խաբել եմ քեզ։

– Ի՞նձ... խաբե՞լ ես...– հարցրեց Բեկը զարմացած կերպով,

– Այո՛, քեզ,– պատասխանեց նա ծանր կերպով։– Այն նամակները, որ դու ինձանից ստացար, դրոշմված զանազան եպիսկոպոսների և մելիքների կնիքներով,– բոլորը կեղծ էին։ Այդ կնիքները ես շինել էի տվել մի հրեա քանդակագործի, իսկ նամակները ինքս էի շարադրել։ Իմ նպատակս էր քեզ բերել հայրենիքը և ես հասա իմ նպատակին։ Գործի մեծությունը ինձ թույլ տվեց մի այսպիսի խորամանկության դիմել։ Այժմ կամենում ես բարկացիր, կամենում ես ինձ խաբեբա անվանիր,– միևնույն է։

Լսելով այդ խոսքերը, Բեկը կարծում էր, որ իր բարեկամը երևի կատակ է անում:

– Դու, Ստեփան,– ասաց նա ժպտելով,– դեռ չես թողել քո հին սովորությունները։

– Ես հանաք չեմ անում, ինչ որ ասում եմ, ճշմարիտ է, – պատասխանեց նա սառնությամբ։

– Ուրեմն ոչինչ պատրաստություններ չկա՞ն այստեղ։

– Այստեղ կան անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժեր միայն, որոնց միացնելու համար մեծ ջանք է հարկավոր։

Բեկին տիրեց մի տեսակ շվարում, մի տեսակ թուլացնող վհատություն։ Այդ մարդը, որ երբեք հուսահատվել չգիտեր, սաստիկ զայրացավ, երբ նկատեց, որ իր ձեռնարկության հենց առաջին քայլափոխում հանդիպում է դատարկության, հանդիպում է մթին ունայնության։ Ի՜նչ քաղցր հույսերով եկել էր նա իր հայրենիքը, ին՜չեր էին խոստացել նրան, որքա՜ն մեծ ակնկալություններ ուներ իր հայրենակիցներից, իսկ այժմ ասում էին նրան` «դու խաբված ես...»։ Ուրեմն այդ բոլորը երազ էր, բոլորը մի տաքարյուն երիտասարդի երևակայության ցնորք էր, որ մի հնարքով կամեցել էր նրան իր հայրենիքը բերել:

– Ես այս աստիճան անհեռատես չէի համարում քեզ, Ստեփան,– ասաց նա փոքր-ինչ խռովյալ ձայնով.– եթե դու ինձ ուղիղը գրեիր և ոչինչ չթաքցնեիր ինձանից, ես դարձյալ կգայի, բայց բոլորովին ուրիշ պատրաստություններով։ Իսկ քո այդ գործ գրած ձևը կփոխե իմ ծրագիրը, որ առաջուց կազմել էի, հիմնվելով այն