Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/282

Այս էջը հաստատված է

էր բռնություն։ Արդարության փոխարեն տիրում էր անիրավություն։ Խաղաղության փոխարեն տիրում էր հալածանք, խռովություն, երկպառակություն։ Պարսիկը ինքն էր սերմանում խռովությունը։ Անարժաններին առաջ էր քաշում, իսկ արժանավորներին հետ մղում։ Վատերը, մատնիչները, ոխացողները ստանում էին փառք, պատիվ և բարձր պաշտոններ, իսկ ազնիվ մարդիկ անարգվում էին։ Ազգասիրությունը, հայրենասիրությունը, կրոնասիրությունը մի քրեական հանցանք էր, որ պատժվում էր ամենասաստիկ կերպով։ Պարսկաստանի բանտերը, Սագաստանի աքսորավայրերը լցված էին այս տեսակ զոհերով։ Ժողովրդի ընտիր, օգտակար, բարեմիտ անդամներին ոչնչացնում էին և թողնում էին վատերին, անպիտաններին միայն, որպեսզի ազգը, կորցնելով իր լավ ու կենդանի ուժերը, բոլորովին դիակնանա, որ կարողանան հեշտությամբ կլանել, հեշտությամբ մարսել նրան։

Տեսնելով այդ բոլոր չարիքները, ժողովուրդը այլևս չկարողացավ համբերել։ Նա անցավ Վարդանի դրոշի տակ, մտածեց ազատվել անտանելի դրությունից։ Մի քանի օրվա մեջ Արտաշատում կազմվեցավ 60 հազարից բաղկացած մի բանակ։ Այդ բանակի մեջ, որպես մի ամբողջ մարմին, միացած էին ժողովրդի բոլոր դասակարգերը։ Նրանց առաջնորդում էին՝ հոգևորականությունը և ազնվականությունը, երկուսն էլ ձեռք ձեռքի տված, երկուսն էլ մի սիրտ՝ մի հոգի դարձած։ — Այդ միությունն էր պատճառ, որ հայոց քաջերը Ավարայրի դաշտում կատարեցին այն փառավոր հաղթությունը, որը մեր պատմության մեջ մինչև դարերի վերջը կփայլի որպես մի պայծառ աստղ։ Թեև այդ հաղթությանը զոհ գնաց մի մեծ մարդ, որի դագաղը դրած է ձեր աչքի առջև, որի հոգեհանգիստը կատարում ենք այսօր։

Այժմ ես այդ դագաղից դուրս կկոչեմ Վարդանի հոգին, թող նա խոսե ձեզ, թող նա բացատրե ձեզ մեր աշխարհի այժմյան դրությունը։

Մեր վիճակը այժմ ինչո՞վ է տարբերվում Վարդանի ժամանակներից։ Մի՞թե օտարի դառն լուծը նույնքան ծանրացած չէ մեզ վրա, որպես Վարդանի օրերում։ Մի՞թե այսօր ևս մեզ վրա չէ տիրում նույն պարսիկը, նույն խորամանկ, նենգավոր և չարամիտ պարսիկը։ Ինչո՞վ են ապահովված մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր կայքը, մեր ազգային սրբությունները։ Մի՞թե մեր դրությունը չէ տանում մեզ դեպի արագ ոչնչություն, դեպի հավիտենական կորուստ։