Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/299

Այս էջը հաստատված է

Տաթևի ավանիցն էին։ Երբ Բեկը հայտնվեցավ բակում, նրանցից երկուսը բաժանվեցան խումբից և առաջ եկան։ Մեկը Տաթևի ավագ քահանայի երեցկինն էր, իսկ մյուսը նույն տեղի տանուտիրոջ տիկինն էր։

— Մեր տղամարղիկը,— ասաց երեցկինը առաջ ընթանալով, —զոհում են իրանց կյանքը, իրանց արյունը մեր հայրենիքի ազատության համար. իսկ մենք՝ կնիկներս, որպեսզի անմասն չմնանք սուրբ գործից, նվիրում ենք մեր զարդերը։ Ընդունեցեք, Բեկ, մեր կողմից այդ փոքրիկ նվերը, որպես նշան մեր համակրության և խորին զգացմունքի։ Այդ զարդերով թող զենք, վառոդ ու գնդակ գնվի, թող մեր երկրի տղամրդիկը պատերազմեն նրանցով։ Երբ նրանց հաղթության համբավը կլսենք, այնուհետև մեր ամենաթանկագին զարդը կլինի նրանց քաջությունը։

Բեկը չկարողացավ թաքցնել իր սրտի ամենազգալի ցնցումը։ Ուրախության արտասուքը դուրս ցայտեց նրա խորախորհուրդ աչքերից, երբ մի քանի ուրիշ կնիկներ առաջ մատուցին պղնձե սինիների վրա դիզած նվերները։ Այդ նրանց զարդերն էին։ Սինիների մեջ կային՝ գինտեր, մատանիներ, պարանոցի մանյակներ, ապարանջաններ և զանազան այլ տեսակ արծաթեղեն, ոսկեղեն զարդեր։ Առաջին սինու վրա դրած էր մի փունջ ծաղիկ։ Պսակ պատրաստելու գաղափարը դեռ անծանոթ էր նրանց։ Տանուտերի կինը, որ ավելի մանկահասակ էր, քան թե առաջինը, վեր առեց փունջը և իր ձեռքով տվեց Բեկին։ Նա, երևի, կամենում էր մի բան ասել, բայց շփոթությունից լեզուն կապվեցավ։ Իսկ այդ լուռ շփոթության մեջ զգացմունքի և շնորհակալության այնքան ազդու արտահայտություն կար, որ Բեկը իսկույն ըմբռնեց, թե ինչ էր կամենում ասել հայրենասեր կինը, և նրա ձեռքից առնելով փունջը, ասաց.

— Ձեր վարմունքով դուք նմանում եք ձեր հինգերորդ դարու քույրերին. նրանք էլ ձեզ պես նվիրեցին իրանց զարդերը հայրենիքի ազատության գործին։ Նրանք նվիրեցին և իրանց արյունը,