Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է

մաց սկսեց առաջ սողալ։ Նրա մերկ մարմինը մինչև մեջքը արդեն անցել էր քնարանի մեջ։ Այդ միջոցին երկու ձեռքերը, օրանգուտանի երկայն թաթերի նման, դրեց հատակի վրա, և գլուխը վեր բարձրացնելով, քննական կերպով աչք ածեց դեպի քնարանի շուրջը։ Այդ դրության մեջ նմանում էր նա մի քած շան, որի ահագին ստինքը հասնում է մինչև գետին ծնունդից հետո։ Եվ իրավ, խափշիկը կին էր։ Պահպանելով իր դիրքը, նա սկսեց ուշագրությամբ ականջ դնել տիկնոջ շնչառությանը, առանց մի թեթև հնչյուն անգամ փախցնելու իր սուր լսողությունից։ Այդ քնած մարդու շնչառություն էր: Խափշիկի սև դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ և նրա հաստ շրթունքները կծկվեցան, երևան հանելով սպիտակ, մեծ ատամները։ Նա սկսեց առաջ սողալ և այժմ ամբողջ մարմնով գտնվում էր քնարանի մեջ։ Նա բոլորովին հագուստ չուներ, սպիտակ կտավից մի սփածանելիք միայն ծածկում էր նրա մերկությունը։ Սատանայի զգուշությամբ մոտեցավ նա տիկնոջ անկողնին և չար դևի նման կկզեցավ նրա կողքին։ Վրանի բոլոր վարագույրները ձգած էին. քնարանի մեջ բավական տաք էր և օդը խեղդված։ Տիկինը կիսով չափ հետ էր ձգել իր վերմակը, նրա սքանչելի կուրծքը և ճոխ ուսերը մնացել էին բաց։ Նրա փոքր-ինչ շառագունած երեսը համարյա սքողված էր խիտ ծամերի տակ, որ ծածկելով պարանոցը, սփռվել էին մախմուրե ծաղկավոր բարձի վրա։ Սև դևը մի առանձին դժոխային մոլեգնությամբ դեռ նայում էր երեխայի պես քնած կնոջ վրա։ Նրա տափակ քթի ծակերը անհանգիստ շնչառությունից լայնանում էին և արագաշարժ աչքերի սպիտակուցը շողշողում էր երեսի խավար մակերևույթի վրա։ Նա ներկայացնում էր մի գազան, որ զոհը իր ճանկերի մեջ ունի։ Նա իր ձեռքը մեկնեց և սկսեց անզգալի կերպով ետ քաշել սփռված ծամերը տիկնոջ պարանոցի վրայից, կարծես, այդ խիտ, մետաքսանման ծամերը արգելում էին նրան կատարելու մի եղեռնական գործողություն։ Նա այժմ իր երկու ձեռքերը տարավ դեպի տիկնոջ պարանոցը և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր խեղդել նրան, հանկարծ վրանի մյուս մասնից լսելի եղավ մի ձայն.

— Ահմե՜դ... Ահմե՜դ...

Դա տիկնոջ աղախնի, Փերիի ձայնն էր, որ քաղցր երազների հրապուրանքի մեջ, կանչում էր իր սիրելի Ահմեդին։ Բայց որովհետև նույն անունով կոչվում էր և կանանոցի ներքինապետը, խափշիկը կարծեց, թե նրան օգնության է կանչում։