եմ, որ դուք Հեսուի հրաշքը կատարել չեք կարող, որ արեգակը առժամանակ կանգնեցնեիք, մինչև մենք լուսով ավարտեինք մեր կռիվը։
– Դարձյալ կատակ։ Ես չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք փախչում խավարից։
– Նրա համար, որ խավարի մեջ մենք աչքից կկրոցնեինք այն մարդուն, որին ես ցանկանում եմ այսօր անպատճառ բռնել,– պատասխանեց Բեկը։
Հետո նա իր մոտ գտնված զինվորներին երկու մասերի բաժանեց. մի մասը հանձնեց Մխիթար սպարապետին և նրան Ներսես արքեպիսկոպոսի հետ ուղարկեց ուրացողի որդի Շահ–կուլու վրա, իսկ մյուս մասը ինքը վեր առնելով, ուղղակի դիմեց ուրացողի վրա, իր հետ տանելով Բայինդուր իշխանին և իր սիրելի Ստեփաննոս Շահումյանին։
Ժ
Խավար գիշեր էր։ Մի երիտասարդ, անդադար մտրակելով իր ամեհի նժույգը, ձիավարում էր։ Բայց ոչ մի ժամանակ այդ ուժեղ, սրընթաց անասունը այնպես վատ ծառայություն չէր արել իր տիրոջը, որպես այս գիշեր։ Բավական էր փոքր-ինչ խթել նրա կողքը և նա արծվի պես կսլանար։ Իսկ այս գիշեր նրա տերը ստիպված էր գործ դնել իր մտրակի ուժը, որ նա շարժվի։ Գիշերվա մթությունը մի կողմից, ձիավորի խռովությունը մյուս կողմից, թույլ չէին տալիս նկատել նրան, որ խեղճ անասունը համարյա երեք ոտքի վրա էր ընթանում, իսկ մի ոտքից սաստիկ կաղում էր։ Վերջապես ընկավ նա, այլևս չբարձրացավ։
Երիտասարդը աշխատում էր կանգնեցնել ձիուն, բայց նրա գլուխը գետնին զարկելով, խռխռում էր, ցավալի ձայներ էր արձակում, որ նշան էին մահվան տագնապի։ Նրա մի ոտքը բոլորովին ջախջախվել էր գնդակի հարվածքից, արյունը սաստիկ վազում էր, և այդ դրության մեջ նա անցել էր մի քանի մղոն ճանապարհ։ Մարմնի մի այլ տեղից նույնպես վերք էր ստացել։
Այդ դրության մեջ թողնելով ձիուն, երիտասարդը անցավ։ Նա սկսեց այժմ փախչել ոտքով, այնպիսի արագությամբ, որ շատ անգամ զարկվում էր քարերին, շատ անգամ խրվում էր թուփերի մեջ, պատառոտում էր իր հագուստը, և շատ անգամ չնկատելով ճանապարհի դարուփոսը, գլորվում էր, վայր էր ընկնում։ Այսպես մնում