– Այսպիսի հուսահատական րոպեներում միակ մխիթարությունը մարդ կարող է գտնել աստուծո մեջ։ Դիմեցեք աստուծուն, մելիք, հեզությամբ և խոնարհված սրտով, նրանից թողություն խնդրեցեք։ Տեր աշխարհայրնը թշվառությամբ անցավ, գոնե մյուս կյանքում դուք երջանիկ կլինեք, եթե կզղջաք, եթե կխոստովանվեք ինձ մոտ ձեր մեղքերը։
– Եթե ես գործել եմ մի մեղք, լավ է, որ նրա մեջ մեռնեմ,– ասաց կալանավորը դառն ատելությամբ.– Դա կլինի մի ազդու բողոք բարության աստուծո դեմ, որ որդուս ինձնից խլելուց հետո՝ ինձ ձգեց այդ կապանքների մեջ։
– Դուք հայհոյում եք ամենակալի արդարադատությունը, մելիք։ Դարձյալ կրկնում եմ, այսօր Բեկը կտա ձեր մահվան դատավճիռը. դեռ բավական ժամանակ ունեք զղջալու և ներումն խնդրելու։
– Ես ներում խնդրելու սովորած չեմ, ոչ երկնքից և ոչ երկրի վրա բնակվող մարդերից։ Լավ է, որ ինձ հանգիստ թողնեք, հայր սուրբ։
Աբեղան վեր կացավ, ներս կանչեց դրսում կանգնած շաթրներին, կրկին կալանավորի ոտները ամրացրին կոճղի մեջ, և խուցի դուռը կողպելով, նրան թողեցին այնտեղ միայնակ։
Նույն ավուր կեսօրային պահուն Տաթևի հրապարակի վրա հավաքվել էր խուռն բազմություն։ Բոլորը անհամբերությամբ սպասում էին հանդիսատես լինելու երկրի բռնավորի և ավերիչի մահվան պատժին։ Բոլորի աչքերը դարձրած էին դեպի վանքի ճանապարհը, որտեղից պետք է բերեին մահապարտին։
Հրապարակի մեջտեղում կանգնած էին զինված մարդիկ, թողնելով իրանց միջնավայրում բոլորակ տարածություն։ Այստեղ դանակը սրելով ման էր գալիս արբած դահիճը, ոտքից ցգլուխ կարմիր հագնված։
– Ինչպես արդար է աստուծո դատաստանը,– ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հանդիսականին.– հինգ տարի առաջ չարագործը հենց այս հրապարակի վրա գլխատել տվեց քսանևհինգ անմեղ երիտասարդներ, և որպիսի քաջ երիտասարդներ, ամեն մեկը հազար մարդու արժեր։ Հիմա ինքը նույն տեղում գլխատվում է։
– Հիշում եմ...– հոգվոց հանելով ասաց մյուսը.– այդ երիտասարդները պատկանում էին վանքեցի Խեչոյի խմբին, որոնք ամրացել էին Ցուրա բերդում, կողոպտում էին պարսիկ հարկահաններին,