մյուսը՝ քահանան խաչը ձեռքին։ Վերջինը սկսեց մխիթարել թշվառին հոգևոր խոսքերով, հորդորում էր խոստովանվել և համբուրել խաչը։ Դատապարտյալը մերժեց որպես խոստովանությունը, նույնպես և խաչի համբուրելը։ Նրան ասեցին՝ չէ՞ր ցանկանա, որ կանչեին մի մահմեդական մոլլա։ Այդ ևս մերժեց նա։
– Շուտով... մի՝ ուշացրեք...– աղաղակում էր ամբոխը, որ այդ ժամանակ գտնվում էր սաստիկ վրդովմունքի մեջ։
Դահիճը մոտեցավ, կապեց դատապարտյալի թևքերն ու ոտները։ Մի ձեռքի հարվածքով նա փայտի նման ընկավ, տարածվեցավ գետնի վրա։
Ոչ մի դեմք ցավակցության նշան չէր ցույց տալիս, ոչ մի սիրտ չէր բաբախում նրա համար։ Բոլորի սրտերը լցրել էր նա թույնով և դառնությամբ։
Մանուկների բազմությունը դարձյալ սկսեց եղանակել իր երգը։ Այդ երգի հնչյունները հասան դատապարտյալի ականջներին ուղիղ այն րոպեում, երբ դահիճը բռնելով նրա մորուքից, դանակը դրեց կոկորդի վրա։
«Լույսը Լուսավորչի հավատին,
Վայ ուրացող մարդին...»։
Կրկնեց և թշվառը, իսկ դահիճը ավարտեց իր գործը։
Ամբոխի մեջ տիրեց ընդհանուր ցնծություն, երբ դահիճը չարագործի կտրած գլուխը ցցելով նիզակի ծայրին, բարձրացրեց օդի մեջ։
Այդ միջոցին սկսեցին ածել դավուլ և զուռնա, և դահիճը շրջապատած նվագածուներով, սկսեց նիզակի ծայրին ցցած գլուխը ման ածել Տաթևի փողոցներում։ Կնիկները դուրս էին գալիս տներից, թքում էին նրա վրա և տալիս էին դահճին մի քանի սև փող։
ԺԲ
Դեպի Զեվու բերդը տանող ճանապարհի մի կողմում, աղբյուրի մոտ, որ հովանավորված էր չինարի ահագին ծառերով, նստած էին մի քանի հոգնած ուղևորներ։ Թուփերով պատած լեռների մեջ տիրում էր կեսօրվա տոթը։ Ուղևորներից մի քանիսը պառկած էին խոտերի վրա և հանգիստ քնի մեջ էին։ Իսկ երեք հոգի, որ նոր էին հասել այնտեղ, առանձնացած էին մյուսներից, նստել էին մի կողմում, ճաշում էին։ Նրանց առջև դրած էր մի կտոր պանիր և չոր հաց։