Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/329

Այս էջը հաստատված է

Նա գտնվում էր Փուխուրութա[1] լեռների մեջ և առջևից, խոր ձորի միջով, վազում էր Հալիձորի գետը։ Ահռելի բերդը շրջապատած էր ամուր պարիսպներով, որի հպարտ աշտարակները բարձրանում էին դեպի վեր, կարծես ձգտելով մրցություն անել սրածայր լեռների հետ։ Այդ բերդը առաջ պատկանում էր Ղափանի հայոց իշխաններին, իսկ այժմ նրան գրավել էր Ասլամազ–Կուլի անունով մի թուրք բռնապետ, որ ահի և սարսափի մեջ էր պահել բոլոր շրջակայքը։

Ուղևորները, որ առաջ շտապով էին գնում, երբ հեռվից տեսան բերդը, սկսեցին մեղմացնել իրանց քայլերը։

– Շտապել պետք չէ, հարկավոր է մտնել բերդը ուղիղ այն ժամանակ, երբ խավարը բավական պատած կլինի,– ասաց սափրիչը։

– Շուտով կմթնի, արևը մայր մտնելու վրա է,– ասաց նրա աշակերտը։

Հյուսնը ոչինչ չխոսեց, որովհետև այդ միջոցին մոտեցավ մի ուրիշ ուղևոր, որ գալիս էր ճանապարհի հակառակ կողմից։ Նա ողջունեց առաջիններին նույն խոսքերով, որպես ողջունում է մահմեդականը մահմեդականին[2]։ Որովհետև երեք ուղևորների թե հագուստի ձևերը և թե արտաքին կերպարանքը ոչինչով չէին ցույց տալիս, որ նրանք քրիստոնյա լինեին, թեև իրենց մեջ հայերեն էի խոսում։

– Երևի, բերդից եք գալիս,– հարցրին նրանից։

– Ուղիղ բերդից,– պատասխանեց նա կանգնելով։

– Ի՞նչ խաբար կա։

Նա պատմեց, թե շրջակա գյուղերի բոլոր մահմեդականները փախել, մտել են բերդի մեջ և մեծ երկյուղով սպասում են Բեկի զորքերի պաշարելուն։ Խանը ամրացնում է բերդը և բնակիչներին զենքեր է բաժանում, որ ընդդիմանան։ Բայց ժողովրդի սարսափը այնքան մեծ է, որ հուսահատության մեջ են ընկած։ Մոլլաները լցրել են մեչիտները, հրավիրում են մարդկանց աղոթել և աստուծուց օգնություն խնդրել։

Այդ պատմության ժամանակ սափրիչի դեմքի վրա երևաց

  1. Ոմանք գրում են Փուխսարաթա։
  2. Մահմեդականը մեղք է համարում քրիստոնյային ողջունել արարական խոսքերով, որ ընդունված է գործ ածել միայն մահմեդականին ողջունելու ժամանակ։ Քրիստոնյաների վերաբերությամբ գործ են ածում ուրիշ ասացվածքներ։