Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/330

Այս էջը հաստատված է

բարկության նման մի բան, և ձեռքը դնելով ածելիների պահարանի վրա, ասաց.

– Ախ, եթե այդ անհավատ Բեկին տային իմ ձեռքը, ես մեծ ուրախությամբ այս ածելիով նրա կոկորդը կկտրեի։

– Իմ ուրագով ավելի հարմար կլիներ նրա գլուխը ջարդել,– մեջ մտավ հյուսնը։

– Ո՞ւր եք գնում,– հարցրեց սափրիչը։

Ուղևորը նկատելով իր նախանձախնդիր խոսակիցների վրդովմունքը դեպի «անհավատ Բեկը», այնքան մտերմացավ նրանց հետ և այն աստիճան հավատաց նրանց անկեղծությանը, որ հայտնեց իր ինչ մարդ լինելը և ուր գնալը։

– Ուրեմն դուք սուրհանդա՞կ եք, խանից նամա՞կ եք տանում,– հարցրեց սափրիչը։

– Նամակ եմ տանում Ֆաթալի խանին,– պատասխանեց սուրհանդակը.– պետք է էգուց առավոտյան հասցնեմ։

– Աստված ոտներիդ զորություն տա,– ասաց սափրիչը.– էգուց առավոտյան կհասցնես, իհարկե, կհասցնես։ Երևի, խանը օգնություն է խնդրում։

– Այո, օգնություն է խնդրում, թե Զեվուն առնվի, նրանից հետո Որոտնա բերդը, Ալթինջի բերդը, որտեղ նստած է Ֆաթալի խանը, հեշտությամբ կտիրեն։ Այս պատճառով Ֆաթալի խանը պարտավոր է օգնել մեր խանին։

– Աստված հաջողե,– պատասխանեց սափրիչը մի առանձին զգացմունքով։– Շտապեցեք, եղբայր, շտապեցեք, մենք բավական ճանապարհից հետ գցեցինք ձեզ։

Միամիտ սուրհանդակը չնկատեց, թե ինչպես սափրիչը վերջին խոսքերի միջոցին նայեց հյուսնի երեսին և իր հոնքերի խորհրդավոր շարժվածքով մի գաղտնի ակնարկություն արեց նրան։ Հյուսնը իսկույն հասկացավ, թե ինչ էր կամենում ասել նա։

Սուրհանդակը մնաք բարով ասելով, կամենում էր բաժանվել իր խոսակիցներից։ Այդ միջոցին սափրիչը բռնեց նրա ձեռքից, և մի կողմ տանելով, ասաց.

– Եղբայր, այդ ճանապարհով մի գնա, ամեն րոպե կարող ես ընկնել Բեկի մարդիկների ձեռքը. սատանայի ծնունդները ամեն տեղ սար ու ձոր բռնել են. եկ, այս կողմից քեզ մի լավ ճանապարհ կցույց տամ, համ մոտիկ է, համ անվտանգ։

Այս խոսքերով նա դուրս հանեց սուրհանդակին մեծ ճանապարհից, տարավ դեպի մի նեղ շավիղ, որ անցնում էր թփառատ