Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/331

Այս էջը հաստատված է

բլուրների միջով և հետո ճյուղավորվում էր դեպի զանազան կողմեր։ Սուրհանդակին ևս ծանոթ լինելով այդ ճանապարհը, շնորհակալություն հայտնեց սափրիչի բարի խորհրդի համար, ասաց, ինքը ամենևին չէր մտածել այդ մասին։

Այդ խոսակցության ժամանակ հյուսնը կանգնած էր սուրհանդակի ետևի կողմում. երբ վերջինը շարժվեցավ, կամենում էր գնալ, նա ձեռքը արագությամբ տարավ դեպի իր ուսից քարշ ընկած տոպրակը, և նրա միջից ուրագի հանելը ու սուրհանդակի գլխին մի սաստիկ հարված տալը՝ մի րոպեի գործ եղավ։

Շվարած, սասանված սուրհանդակը ձեռքը տարավ դեպի ատրճանակը, որ քարշ էր ընկած նրա գոտիից։ Այդ միջոցին սափրիչի աշակերտը դանակը խրեց նրա կուրծքի մեջ։ Նա ընկավ գետին, հյուսնը զորեղ ձեռքով դիակը քարշեց ճանապարհի մի կողմը, ծածկեց թուփերի մեջ, նախապես նրա ծոցից հանելով նամակը, որ նա պիտի տաներ Ֆաթալի խանին, բերդի պաշտպանության համար օգնություն խնդրելու։

Արևը արդեն մայր էր մտել, երեկոյան խավարը բավական թանձրացել էր։ Երթևեկությունը դեպի ամեն կողմ դադարած էր։ Երեք ուղևորները, որպես թե կատարել էին մի սովորական գործ, հանգիստ, անխռով կերպով շարունակեցին իրանց ճանապարհը։

– Եթե լույս լիներ, ես կցանկանայի այդ նամակը կարդալ,– ասաց հյուսնը։

– Առանց կարդալու ևս, ես կարող եմ ասել, թե նրա մեջ ինչ գրված կլինի, – պատասխանեց սափրիչը։– Մեզ հարկավոր էր այսքան միայն, որ այդ նամակը Ֆաթալի խանի ձեռքը չհասներ։– Մենք ուշանում ենք, եղբայրներ, մի փոքր ոտքներիդ ուժ տվեցեք, ավելացրեց նա։

Նրանք հասան բերդը, երբ գիշերից բավական անցել էր։ Բերդի մեջ տիրում էր խորին լռություն, երբեմն միայն լսելի էին լինում գիշերապահ պահապանների զգուշացնող ձայները։ Բոլոր դռները կողպված էին. անկարելի էր ուրիշ տեղից ներս մտնել, բարձր պարիսպները միանգամայն անմատչելի էին կացուցել ավազակների այդ որջը։

Նրանք դիմեցին դեպի բերդի մի կողմում ընկած ձորը, որի խորության միջով անցնում էր Հալիձորի սրընթաց գետը։ Գետի ափերի վրա ձորի երկարությամբ տարածվում էին գեղեցիկ, մրգաբեր այգիներ և ձեռատունկ ծառեր, որոնք այժմ ծածկված էին գիշերային խավարի մեջ։ Այստեղ մեկին որոնում էին նրանք։