հրամայեց զինվորներին, որ փոքր-ինչ հանգիստ առնեն, կազդուրվեն, վերջնական հարձակումը գործելու համար։ Նրանք անկանոն կերպով նստոտեցին քարերի վրա։ Ոմանք սկսեցին ծխել, ոմանք իրանց պարկերի միջից դուրս բերելով արաղի փոքրիկ սրվակները, խմում էին և իրանց ընկերներին «համեցեք» էին անում։ Նրանց զվարթ երեսները, շառագունած, փթթած լեռնային օդից ու եղանակի զովութույունից արտահայտում էին խորին բավականություն։ Կարծես խնջույքի մեջ էին նստած, կամ հարսանիքի հանդես էին կատարում։
Զինվորները մի առանձին համազգեստ չունեին, այլ կրում էին իրանց տեղային հագուստը, որ պատրաստված էր հայ կնոջ ձեռքով մանված բուրդից, նրա ձեռքով գործված շալից, և նրա մատներով կարված «գեյմայից»։ Այդ փոքր-ինչ կոշտ գործվածքները այն առավելությունն ունեին, որ անձրևի տակ թրջվելով, ավելի պնդանում էին և բոլորովին անթափանցիկ էին դառնում։ Այդ պատճառով, նրանք խիստ անհոգ կերպով նստած էին անձրևի տարափի ներքո, միայն իրանց զենքերը ծածկելով վերարկուների տակ։
Մինչ զինվորները նստած հանգստանում էին, ծերունի զորապետը ոտքի վրա անհանգիստ կերպով այս կողմ և այն կողմ էր գնում։ Երբեմն կանգնում էր նա և ականջ էր դնում։ Մթին թուխպերի թանձրությունից, մի հիսուն քայլ հեռավորության վրա, ոչինչ չէր կարելի տեսնել։ Աչքի փոխարեն ծառայում էր ականջը։ Ծերունի զորապետի լսողությունը, չնայելով նրա հասակին, դեռ չէր կորցրած իր վաղեմի սրությունը։ Նա հետազոտում էր ամեն մի աննշան շշունջ, քննում էր ամեն մի անորոշ հնչյուն և ձայնահմայի[1] նման նրանցից գուշակություններ էր անում։ Նա կանչեց իր մոտ Ավթանդիլ գնդապետին, ասելով.
– Նկատո՞ւմ ես, թշնամու հրացանների ձայնը հիմա սկսեց նվազիլ, երևում է, անձրևը թույլ չէ տալիս նրանց շուտ-շուտ կրակ տալ։
– Ես էլ այդպես եմ կարծում,– պատասխանեց գնդապետը, ինքն էլ նույնպես ականջ դնելով։
– Նկատո՞ւմ ես,– դարձյալ հարցրեց ծերունի զորապետը,– հրացանների ձայնը ավելի մոտից է լսվում, երևում է, թշնամին մեզանից շատ հեռու չէ գտնվում։
- ↑ Ձայնանմա նշ.ձայներից գուշակություններ անող, որպես էին Արմավիրի սոսյաց անտառի քուրմերը։