– Բոլորը, թե′ զուլֆերը, թե հյուսերը,–hիմա այլանդակվել, քեչալ Ասլոյի նման է դարձել Սյուրին։
– Նրա տեղն է։– Շատ էր պարծենում իր երկայն մազերով Սյուրին։– Պետք է նրա պոչն էլ կտրեին։
– Ի՞նչ պոչ,– հարցրեց Այիշան զարմանալով։
— Դու չե՞ս իմանում, ախար այդ հայ կնիկները պոչ ունեն։
Սյուրին էլ ունի։ Զեյնաբն էր ասում, նա մի անգամ տեսել էր, Սյուրիի լողանալու ժամանակ։
Երկու մանկահասակ կնիկները սկսեցին երկար խոսել Սյուրիի պոչի վրա, սկսեցին դատել, քննել, թե ինչի՞ց էր այդ. հետո այն եզրակացության հասան, որ բոլոր հայ կնիկները ջինների տոհմից են, դրա համար Սյուրին այնքան վարպետ և խորամանկ է, որ կարողացավ կախարդել, խելքից հանել խանին, կարողացավ բոլոր կնիկներին նրա «աչքից գցել» և իրան միայն սիրել տալ։
– Հիմա ի՞նչ է անում Սյուրին,— հարցրեց Հաֆսան։
– Ի՞նչ պետք է անե,– պատասխանեց Այիշան արհամարհանքով,– իր վրանում նստած, լաց է լինում, ասում է՝ ես գիտեմ, այդ սատանայի գործ չէ, դա Զեյնաբի գործն է... Զեյնաբը մի քանի օր առաջ ասել էր նրան, թե ես քո գլխին մի «օյին» պիտի խաղամ... Հիմա Սյուրին մտածում է, թե գիշերը քնած ժամանակ Զեյնաբն է կտրել տվել նրա մազերը, ասում է, ես բոլորը խանին կհայտնեմ...
Զեյնաբը խանի հարեմի թագուհին և նրա առաջնակարգ կնիկներից մեկն էր, բայց Սյուրիի խանի հարեմը մտնելուց հետո նա իր նշանակությունը կորցրեց։ Գեղեցիկ Սյուրին ստվեր ձգեց նրա վրա, և այստեղից առաջ եկավ երկուսի մեջ նախանձ և ատելություն։ Հաֆսան և Այիշան հավանական էին գտնում, որ Զեյնաբը, իր վրեժխնդրությունը գոհացնելու համար, իր աղախինների ձեռքով կտրել տված լիներ Սյուրիի մազերը, որ այլանդակե նրան, որ նրա գեղեցկությունից մի բան խլած լինի։ Բայց մյուս կողմից, սնահավատությունը նրանց թույլ չէր տալիս բոլորովին հավատալ այդ խայտառակությանը, որ հարեմի մեջ մի սովորական բան էր։ Նրանք կարծում էին, թե անպատճառ սատանայի մատը պետք է խառն լիներ այդ գործի մեջ, թեև դրա նման շատ գործեր կատարվում էին առանց սատանայի մասնակցության, ինչպես էին՝ կնիկների միմյանց նոր կարված հագուստի վրա բծեր գցելը, մկրատով կտրատելը, միմյանց նոր գնված հողաթափների մեջ ցեխ լցնելը, միմյանց զարդարանքները, ակնեղենները գողանալը և այլն։ Վերջին