Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/354

Այս էջը հաստատված է

Այդ միջոցին մի խումբ, Ավթանդիլ գնդապետի առաջնորդությամբ, գնդակների կարկուտի միջից անցնելով, հարձակվեցավ ճեղքել թշնամու վաշտերը և տիրել զամբուրակներին։ Նրանցից մեկը, մի երիտասարդ, առաջ անցնելով, արծվի արագությամբ ընկավ թուրքաց գլխավոր դրոշակակրի վրա, և իր սրի մի հարվածով նրան գետին տապալելով, խլեց դրոշակը։ Այդ միջոցի մի գնդակ անցավ նրա ոտքի ազդրի միջից։ Նա վեր բարձրացրեց դրոշակը, և «Կեցցե՜ Դավիթ Բեկ» գոչելով՝ ծիծաղելով ասաց․

– Ես այդ ոտքից հենց առաջ էլ կաղում էի...

Եվ իրավ նա երևանցի կաղ Օհանեսն էր։

Դրոշակի հափշտակությունը ազդեց թշնամու զորքերի մեջ ընդհանուր վհատություն։ Նրա վրա կարմիր գույնով նկարված էր Ալիի աջը, որ հովանավորում էր նրանց, որ ուժ և զորություն էր տալիս նրանց։

Բայց մի փոքր հեռու կատարվում էր սարսափելի կոտորած։ Ավթանդիլի խումբը կռվում էր թուրքաց թնդանոթաձիգների հետ։ Հայերը աշխատում էին գրավել թնդանոթները, իսկ թուրքերը պաշտպանում էին։ Այստեղ վառոդի փոխարեն գործում էր սուր երկաթը։ Հայոց սվինները հրաշք էին կատարում։ Արյունը առվակներով վազում էր։ Մարդիկ տապալվում էին մինը մյուսի վրա...

– Անիրա՛վ, մինչև ե՞րբ պիտի տանջես մեզ...– գոչեց Ավթանդիլ գնդապետը և իր ծանր սուրը իջեցրեց մի վիթխարի թուրք զինվորի գլխին, որը տասնից ավելի վերք ստանալուց հետո, դարձյալ ձեռքից բաց չէր թողնում թնդանոթը։

Նա թնդանոթի փողը գրկած պահելով, այնպես էլ մնաց, միայն ճեղքված գլուխը թեքվեցավ մի կողմ, և տաք արյունը շատրվանի նման դուրս ցայտելով խոր վերքից, ներկեց իր պաշտպանած մահային անոթը։ Գնդապետը ձեռքով գետին գլորելով դիակը, գրավեց թնդանոթը։ Մնացած թնդանոթները նույնպես անցան հայերի ձեռքը։

Մինչ այստեղ այս էր կատարվում, մյուս կողմից Բայինդուր իշխանը իր որոտալից ձայնով գոռում էր իր զինվորներին․

– Տղերք, չարժե դրանց վրա վառոդ փչացնել, ծակծկեցե՛ք, ծակծկեցե՛ք...

Եվ հայ զինվորները գրոհ տալով, մեկը սրով, մյուսը նիզակով, մի այլը սվինով, ոմանք հասարակ քարերով խորտակում էին պատահած զինվորին։ Կոտորածը երկու կողմից ևս տևեց մի քանի ամբողջ ժամ, մինչև թուրքերը աղաղակեցին․