Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/368

Այս էջը հաստատված է

Խանը գունաթափվեցավ։

– Քեզ ո՜վ ասաց,– հարցրեց նա վրդովվելով։

Նրանք, որ դիակը տեսել էին դեպի Բարգյուշատ տանող ճանապարհի վրա, Չավնդուր գետի ափի մոտ,– պատասխանեց վեզիրը հանդարտությամբ, և ավելացրեց.– եթե մեր նամակը հասած ևս լիներ Ֆաթալի խանի ձեռքը, դարձյալ նա մեզ օգնել չէր կարող, որովհետև նա այժմ իր կաշուցն է վախենում, ամրացնում է իր բերդը Գավդադըղ ավանի մոտ։ Բեկի հաջողությունները ամենի վրա սարսափ է գցել։

Խանը մի փոքր մտածելուց հետո ասաց.

– Մեզ օգնության կհասնի Լեհվազի խանը՝ Սեֆի–Կուլին, մենք նրա մոտ ևս դեսպան ենք ուղարկել։

– Սեֆի–Կուլին այժմ թողել է Լեհվազը և փախել է Ալանզազի լեռների վրա։ Կալերցի Պապ զորապետը, որը Դավիթ Բեկի քաջերից մեկն է, չարաչար կերպով հալածում է Սեֆի-Կուլիին։

– Մեզ օգնության կհասնի աստված, հասկանո՞ւմ ես, Մուհամմեդի և Ալիի աստվածը, նա, որ մի բուռն մուսուլմաններով տարածեց իսլամի տիրապետությունը ամբողջ աշխարհի վրա։

– Աստուծո օգնությանը ապավինելը մենք պարտավոր ենք, բայց պետք է մտածել, որ մեր թշնամիներն էլ աստված ունեն։

– Նրանց առաջնորդում է սատանան, իսկ ճշմարիտ աստվածը երեսը դարձնում է անհավատներից։

– Երբեմն սատանան ավելի գործ է կատարում, ինչպես այսօր։ Մեր առաջապահ զորքերը բոլորը ջարդվեցան։

– Դրանով աստված կամեցավ մի փոքրիկ խրատ տալ մեզ։

– Ինչո՞ւ չեք ասում՝ մի մեծ խրատ։

Տհաճության մռայլը դարձյալ անցավ խանի սարսափելի դեմքի վրա, և նա զայրացած կերպով պատասխանեց.

– Վեզիր, դու միշտ սովորություն ունեիր խրախուսել, սիրտ տալ ինձ, իսկ այսօր ի՞նչ է պատահել քեզ հետ. քո բոլոր խոսքերը հուսահատական են։

– Այսօր ես ցանկություն չունեմ ձեզ շողոքորթելու, եթե խոսում եմ ճշմարտությունը, այդ առաջ է գալիս իմ դեպի ձեզ ունեցած հավատարմությունից։

– Այդ հավատարմություն չէ, վեզիր, դու ցանկանում ես անպատվությամբ արատավորել իմ սուրը,– ասաց նա բավական զգացված կերպով։– Լսիր իմ վերջին խոսքը առանց աստուծո կամքի ոչինչ չէ կատարվում. եթե հասել է իմ իշխանության