շամփուրների վրա միս էին խորովում։ Այնօրվա ավարի առած ոչխարների շնորհիվ բանակը մեջ տիրում էր մսի կատարյալ առատություն։ Մի այսպիսի առատություն չունեցավ մինչև անգամ Մովսեսի բանակը, երբ Իսրայելի աստվածը նրա զինվորներին լորամարգիներ էր ուղարկում։
– Թե որ մեր տեր Հարութը այստեղ լիներ, ի՛նչքան երիներ ու մորթիներ կհավաքեր,– ասաց զինվորներից մեկը իր ընկերին, սաստիկ ծիծաղելով իր սրախոսության վրա։– Խաչը վկա, մեր Տաթևի վանք ուխտի օրն էլ այսքան մատաղներ չեն մորթվում։
– Մեր մորթածները մատաղներ չեն, ապա ի՞նչ են,– պատասխանեց նրան մի այլ զինվոր, նույնպես ծիծաղելով։– Միայն տերտեր է պակաս, որ աղը օրհնե։
– Ես կօրհնեմ, զավակներս,– լսելի եղավ խավարի միջից մի ձայն։ Մատաղ է, ապա ի՞նչ է, աստծուն շատ ընդունելի մատաղ։ Զինվորները կրակի շուրջը նստած լինելով, նրա լույսը թույլ չէր տալիս նկատել խավարի մեջ միայնակ կանգնած բարձրահասակ մարդուն, որ փաթաթված էր իր լայն վերարկուի մեջ։ Բայց հենց որ նրա ձայնը լսեցին, բոլորը պատկառանքով ոտքի ելան, ասելով․
– Ա՛խ, սրբազան, դո՞ւ ես․․․
– Ես եմ, զավակներս, նստեցեք,– ասաց բարձրահասակ մարդը մոտենալով,– նստեցեք և ձեր քեֆին կացեք, ես վաղուց արդեն օրհնել եմ ձեր զոհաբերությունները։
Զինվորները կրկին շարվեցան կրակի շուրջը, իսկ բարձրահասակ մարդը չքացավ գիշերային խավարի մեջ։ Դա ամբողջ Սյունյաց աշխարհի առաջնորդը՝ Ներսես եպիսկոպոսն էր, որ միայնակ շրջում էր բանակների մեջ, դիտելու զինվորների դրությունը։
– Նա միշտ ման է գալիս,– ասաց զինվորներից մեկը։
– Գիշերները քուն չունի,– ավելացրեց մյուսը։
– Ասում են, տարենը միայն մի անգամ է քնում, զատկի ավագ շաբաթ օրը,– խոսեց երրորդը։
– Ինչո՞ւ անպատճառ զատկի ավագ շաբաթ օրը։
– Նրա համար, որ աստված վեց օրում այս աշխարհը ստեղծեց, իսկ յոթներորդ օրում, որ շաբաթ էր, ինքն էլ քնեց, հանգստացավ։
Զինվորի բացատրությունը բոլորին հավանական թվեց։ Նա