նրա սիրտը այսպես սաստիկ չէր բաբախել այն արարածի համար, որին այժմ մեծ անհամբերությամբ սպասում էր։ Դա սիրո բորբոքը չէր, որ այնպես սաստիկ հուզում էր, ալեկոծում էր նրա սիրտը։ Նա մինչև անգամ այդ րոպեում մոռացել էր, որ մի ժամանակ սիրել էր նրան։ Դա մի մեծ ձեռնարկության այն դրությունն էր, երբ մի մազից էր կախված նրա հաջողությունը կամ անհաջողությունը։ Եվ այդ ձեռնարկությունը պիտի կատարվեր այն կնոջ ձեռքով, որին մի ժամանակ սիրել էր նա։
Երիտասարդը կրկին դիմեց դեպի ներքնատունը։ Այստեղից ավելի մոտ էր բակի դուռը, կարելի էր իսկույն լսել, եթե ամենաթույլ կերպով անգամ բախելու լինեին։ Դեռ չմտած ներքնատունը, նայեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերվա որ ժամն էր։ Երկինքը պատած էր նուրբ, սպիտակ շղարշի նման մառախուղով. աստղեր չէին երևում։ Այդ ավելի զայրացրեց նրան, աստղերից կարող էր գիտենալ ժամանակը։ Այդ միջոցին սկսեցին խոսել աքաղաղները։ Նա բարկությունից ամբողջ մարմնով դողաց։ Գիշերը թռչում էր...
Նա մտավ ներքնատունը, ճրագը դրեց իր առաջվա տեղում, սկսեց անհանգիստ կերպով անցուդարձ անել նեղ, խեղդող սենյակի մեջ։ «Ոչ, նա կկատարե.․. անպատճառ կկատարե...– մտածում էր նա։ Նա ինձ մինչև այսօր էլ սիրում է. այդ սերը նրան ուժ, եռանդ և վստահություն կներշնչե։ Նա ինձ համար ամեն բան կանե, միայն թե կրկին կարողանա գրավել իմ սերը։ Ա՜խ, եթե կարողանար կատարել... ես նրան կրկին կսկսեի սիրել։ Մինչ հսկաները վառոդով և սրով են գործում, թույլ կինը կարող է այլ տեսակ հրաշքներ գործել... Եվ այդ բանին ընդունակ է Սառան։ Որքա՜ն ուրախացավ նա, որքա՛ն անհուն եղավ նրա հրճվանքը, երբ լսեց իմ առաջարկությունը... Կարծես սպասում էր մի մեծ զոհաբերություն հանձն առնել, միայն թե կարողանա ինձ մի որևիցե ծառայություն անել։ Բայց նա այնքան պաշտելի չէր չինի, եթե այդ ծառայությունը կատարեր միայն իմ սերի համար։ Նրա մեջ անգիտակցաբար ետ էր գալիս և մի բարձր, ավելի վսեմ սեր,– ազգի սերը։ Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ զգացմունքը։ Կարծում եմ, ոչ ոք։ Նա տեսավ, որ իր սիրած տղամարդը նվիրված է մի գաղափարի, ինչո՞ւ ինքը չմատուցանե միևնույն զոհը, երբ այդ կարող էր հաճելի չինել սիրած տղամարդին։ Կինը սիրում է հասկանալ․ և սերը, ճշմարիտ սերը կարող է առաջնորդել նրան դեպի ամեն ինչ, որ բարձր է։ Մի լավ գործ կատարելու համար