են մի-մի ահագին չինարիներ և հովանավորում են ամբողջ բակը։ Այդ բակի միջից մի նեղ դուռ տանում է դեպի զենքերի պահեստի ամբարանոցը, իսկ մի մեծ դուռ տանում է դեպի խանի դիվանատան ընդարձակ բակը։
– Ի՞նչ ես կարծում, ես չէ՞ի մոլորվի այդ լաբիրինթոսի մեջ։
– Ես քեզ հետ կլինեմ, ինձ բոլոր ծակուծուկերը հայտնի են, ես քեզ միայնակ չեմ թողնի։
Փոխանակ պատասխանի, երիտասարդը մյուս անգամ գրկեց իր հերոսուհուն և սեղմեց իր կուրծքի վրա։
– Դու երբեք ինձ այդքան քաղցր չես եղել, որպես այս գիշեր, նազելիս,– ասաց նա խորին հոգեզմայլության, մեջ:— Հիմա պատրաստվենք գնալու։
– Ես շատ չեմ ուշացնի քեզ,– պատասխանեց տիկինը, նրա գրկից դուրս պրծնելով.– ինձ հարկավոր է միայն փոխել հագուստս։
Նա վազեց իր սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ տղամարդի հագուստով։
– Պետք է մարդու հագուստը սազ գա իր գործին, այդպես չէ՞, սիրելիս,– ասաց նա ծիծաղելով։– Հիմա գնանք։
– Սպասի՛ր,– ասաց աբեղան նրան կանգնեցնելով.– ես մոռացա քեզ հարցնել, թե ինչպե՞ս հաջողվեցավ քեզ ձեռք բերել այդ բանալիները։
– Դա մի ամբողջ պատմություն է, լավ է, որ չհարցնեք,– պատասխանեց Սառան հրաժարվելով։
– Ինչո՞ւ։
– Կարելի է Փարիշանը բարկանա, եթե քեզ պատմելու լինեմ։
– Երևի, մի գաղտնիք կա, բայց դու գիտես, որ մենք հոգևորականներս իրավունք ունենք ամեն մարդու գաղտնիքները գիտենալու,– ասաց երիտասարդը ծիծաղելով։– Փարիշանը չի բարկանա, պատմի՛ր, սիրելիս։
– Փարիշանը գողացել է այդ բանալները ամրոցի «ղափուչիբաշիից» (դռնապանների գլխավորից),— ասաց Սառան, երկար մտածելուց հետո։
– Ինչպե՞ս։
– Հենց այդ ինչպեսի մեջն է բոլոր գաղտնիքը, լսի՛ր,– դռնապանների գլխավորը մի ծերունի է, այն ծերունիներից մեկը, որ մազերը սպիտակելուց և ատամները թափվելուց հետո նորից սկսում է սիրել։ Նա մի առանձին ախտ ունի սիրահարվել միայն