Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/399

Այս էջը հաստատված է

Էր մութաքայի վրա, մեծ հայելու առջև, որ դրած էր ոսկյա շրջանակի մեջ։ Աղախինը խնամքով սանդրում էր նրա սև պիսակները և զանազան ձևերով գանգուրներ էր տալիս։

– Ես իսկույն կպատրաստեմ ձեզ, նազելի տիկին,– ասում էր աղախինը, շարունակելով իր գործը։ Մի՛ վախեցեք, աշխատեցեք, որքան կարելի է, ձեր սիրտը ուրախ պահել, դա ավելի մեծ փայլ կտա ձեր գեղեցկությանը։ Ձեր դեմքը չափազանց գունաթափ է։ Դուք գիտեք, որ խանը չէ սիրում գունաթափ դեմքը։ Վնաս չունի, ես դրա ճարը կանեմ․ հարկավոր է միայն ձեր թշերը փոքր–ինչ շփել քասնիի արաղով, իսկույն վարդի գույն կստանան։

– Քասնիի արաղը լավ չէ, սաստիկ այրում է,– ասաց տիկինը հառաչելով։

– Այրում է, ուղիղ է, բայց կարմիր գույն է տալիս։

– Զզվելի բան է,– կրկնեց տիկինը սաստիկ հոտում է։

– Այդ ոչինչ. ես հետո կօծեմ ձեր թշերը վարդի յուղով և արաղի հոտը կկտրվի։

Տիկինը այլևս չհակառակեց։ Աղախինը նստած էր նրա ետևի կողմում, սանդրում էր մազերը։ Նա շուտ–շուտ նայում էր հայելու մեջ՝ տեսնելու տիկնոջ դեմքի արտահայտությունը։

– Ուրախ, որքան կարելի է, ուրախ ձևացրեք ձեզ,– ասում էր նա, թեքվելով դեպի հայելին։– Ապա մի ժպտացեք, տեսնեմ։

Տիկինը ջանք արեց ժպտալու։

– Այդ ի՛նչ տեսակ ժպիտ է,– նկատեց աղախինը, ցույց տալով իր հմտությունը։– Դուք երբ որ ժպտում էիք, ձեր ամբողջ դեմքը, կարծես, խոսում էր մի տեսակ հրեշտակային անուշ բարբառով, որ բովանդակում էր իր մեջ երկնային մուզիկայի ամենաքաղցր հնչյունները։ Ձեր թշերի վրա հայտնվում էին երկու գեղեցիկ փոսիկներ։ Այդ փոսիկները տեսնելով, խանը միշտ հիշում էր բանաստեղծի երգը, որ իր սիրուհու թշերի երկու փոսիկները նմանեցնում է Մուհամմեդի դրախտի մեջ գտնված երկու ավազաններին, որոնք բովանդակում են իրանց մեջ անմահության ջուրը։

Տիկինը ոչինչ չպատասխանեց։ Ցավալի դառնությամբ լցված էր նրա սիրտը։ Նրա դեմքը ժպտալ չէր կարող։ Աղախինը շարունակեց.

– Իսկ ձեր գեղեցիկ աչքերը, տիկին,– ներեցեք համարձակությանս,– սաստիկ հանգած են երևում։ Չգիտեմ ինչո՞ւ այս գիշեր այսպես կորցրել են իրանց պայծառ փայլը։

Տիկնոջ գեղեցիկ աչքերը ավելի նսեմացան. արտասուքը հեղեղեց նրանց։