սարքել և իր տիրոջ ու տիկնոջ քունը խանգարել, և, մանավանդ, հասկանալով իր սխալը, որ այն գիշեր անպատշաճ էր իրան քնել տիկնոջ դռան հանդեպ,– մրթմրթալով վեր կացավ և սղոցի թեփով լցրած իր բարձը ու վերարկուն վեր առեց, հեռացավ։
Աղախինը կրկին վերադարձավ իր քնարանը։ Նրա դեմքը այժմ փայլում էր ուրախությունից։ Նա սկսեց մերկանալ իր հագուստը։ Նրա սենյակում պահված էին շատ տեսակ հագուստներ, ամեն սեռի, ամեն դասակարգի մարդկանց համար։ Դա հարեմական խորհրդավոր անհրաժեշտություններից մեկն էր։ Ով որ ծանոթ է մահմեդական կանանոցների գաղտնիքներին, կհասկանա, թե որպիսի դեպքերում կարող էին ծառայել այդ հագուստները։ Այդ հագուստներից նա ընտրեց ախոռատան սպասավորի հագուստը։ Երբ հագնվեցավ, ժպտելով մոտեցավ հայելուն․ «Այժմ սատանան ևս չէ կարող ճանաչել ինձ»,– ասաց ուրախությամբ իր վրա նայելով։ Երբ բոլորովին պատրաստ էր, մոտեցավ քնած երեխային, զգուշությամբ համբուրեց նրան, հետո ճրագը մարելով, դուրս գնաց։
Նա անցավ կանանոցի բակը։ Գիշերային խավարը սարսափելի էր. մի քայլ հեռավորության վրա անկարելի էր մի բան որոշել։ Իսկ քամին այժմ սկսել էր ավելի կատաղաբար փչել։ Նա մի պտույտ գործեց բակի մեջ. բակը անապատի նման դատարկ էր։ Ոչ ոք չկար, ոչ մի մարդկային ձայն չէր լսվում, ոչ մի լուսամուտից ճրագ չէր երևում, ամբողջ հարեմը ննջում էր խորին, խաղաղական քնի մեջ։
Նա մոտեցավ մի նեղ մուտքի, որ ոլոր–մոլոր սանդուղքներով տանում էր դեպի կտուրը։ Սկսեց վեր բարձրանալ։ Սանդուղքները վերջանում էին մի փոքրիկ տափարակով, որտեղ էր կտուրի դուռը։ Այդ դռան վրա շատ ուշադրություն չէին դարձնում։ Կանանոցի ամեն մի փոքր ի շատե նշանավոր աղախինը ուներ իր մոտ այդ դռան բանալին։ Դա նրանց գաղտնի հարաբերությունների անցքն էր, երբ պետք էր մեկի հետ տեսնվել կտուրի վրա։ Փարիշանը հանեց գրպանից մի բանալի, բաց արեց դուռը, անցավ կտուրի վրա և կրկին իր ետևից կողպեց նրան։
Նա անցավ կանանոցի տափարակ կտուրներից. այստեղ պահապաններ չկային, միայն վախենում էր հանդիպել շներին։ Նրա բախտից շներն այս գիշեր խումբով գնացել էին մի քածի ետևից։ Նրանք հրապուրված էին իրանց սիրո առարկայով։
Անցնելով կանանոցի կտուրները, նա հասավ դիվանատան կտուրներին. դրանք ավելի բարձր էին, դրանց վրա վեր ելնելու