Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/418

Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված չէ


սողալու ժամանակ, ցած թափված հողերի և քարերի կտորտանքի ձայնը չէր լսվում։ Երկար աշխատելուց հետո վերջապես նա հասավ ախոռատան կտուրներին։

Այստեղ տանիքների վրա կիտած էին խոտի ահագին դեզեր, իսկ մարագները լիքն էին հարդով։ Նա մոտեցավ այդ դեզերից մեկին, և սատանայի նման կծկվեցավ նրա մոտ։ Կայծհանը, աբեթը և քիբրիթը դարձյալ գործ դրվեցան. նրանցով վառեց ցամաք խոտը։ Քամին փչեց, ցամաք խոտը բոցավառվեցավ, և մի քանի րոպեի մեջ, կրակը անցավ մի դեզից մյուսը, և հրդեհը տարածվեցավ ամբողջ ախոռատան մեջ։ Մնում էին հարդանոցները։ Նա վեր առեց խոտի մի քանի կիսավառ խուրձեր, նետեց հարդանոցների երդիկններից։ Շուտով երդիկներից հրեղեն սյուները բարձրացան օդի մեջ։

Նա այժմ իր գործը կատարած էր համարում, քաշվեցավ մի կողմ, ուր կրակի լույսը չէր հասնում, կանգնեց մթության մեջ, և խորին ուշադրությամբ նայում էր դեպի երկինքը։ Այդ միջոցին մի ֆշանք ֆշֆշալով բարձրացավ օդի մեջ։ Չարագուշակ ֆշանքը պայթեց և նրա հրեղեն կայծերը, անեծքի տարափի նման, ցրիվ եկան անբախտ բերդաքաղաքի վրա․․․

– Հրդե՜հ.․․ օգնեցե՜ք...– լսելի եղավ ամեն կողմից և ախոռատան ծառաները դուրս պրծան իրանց քնարաններից։

– Հրդե՜հ․․․– գոչեցին և դիվանատան պահապանները, երբ նկատեցին, որ խոհանոցը այրվում է, կրակը սկսել է անցնել դեպի դիվանատան սենյակները։

– Հրդե՜հ․․․– աղաղակեց և նա, որ այդ բոլոր չարիքների պատճառն էր, և վազելով ցած իջավ կտուրներից ախոռատան բակը։

Ընդհանուր խռովության մեջ նա աննկատելի կերպով բակից դուրս եկավ դեպի փողոցը։ Ախոռատան սպասավորի հագուստը նրան պահպանեց ճանաչվելուց։

Նա սկսեց վազել դեպի ածխավաճառների հրապարակը, անդադար աղաղակելով.

– Հրդե՜հ... օգնեցե՜ք, ամրոցը այրվում է...

Ածխավաճառների հրապարակի վրա, տեր Ավետիքը, Շահումյան Ստեփաննոս իշխանը և Մելիք–Փարսադանյան Բալի զորապետը Ժամադիր էին եղած միանալ տեղացի հայերի հետ և գրավել ամրոցի զենքերի մթերանոցը։ Բայց դրանց և ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չէր Փարիշանը. ծանոթ էր միայն Խորեն հայր սուրբի հետ,