Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/419

Այս էջը հաստատված է

որը այնտեղ չէր։ Նա գտավ հրապարակի վրա մի խառնիճաղանջ բազմություն, որը վազում էր դեպի ամրոցը, աղաղակելով.

– Օգնեցե՜ք, ամրոցը այրվում է...

Փարիշանն էլ խառնվեցավ այդ բազմության հետ։ Նրանք զինված էին բահերով, բրիչներով, կացիններով, մանգաղներով և այլ այդպիսի գործիքներով։ Տեսնողը կմտածեր, որ գնում են հրդեհը հանգցնելու։

Բազմությունը հետզհետե աճում էր, ստվարանում էր, նրա հետ խառնվում էին նոր և նոր մարդիկ, և բոլորը վազում էին դեպի ամրոցը, որպես թե հրդեհը հանգցնելու համար։

Այն փողոցում, որի միջով անցնում էր բազմության փոթորկային հոսանքը, մի փոսի միջից լսելի եղավ դողդոջուն ձայն.

– Տո հեր օրհնած, կամա՛ց, կողքս կոտրեցիր։

Այն անձը, որին ուղղած էր այդ ձայնը, նայեց փոսի մեջ, տեսավ այնտեղ մի ընկած ծերունի, որին փոքր էր մնում ոտքերի տակ ջարդուփշուր աներ, երբ ինքը վազ տալու ժամանակ թռավ նրա վրայից։ Իսկույն ճանաչեց նրան և ձեռքից բռնելով, ասաց.

– Ա՜խ, Սարգիս–ապեր, դո՞ւ ես։

– Տեր հայր, դո՞ւ ես,– հարցրեց նա կանգնելով։– Անպիտան ծառան ինձ թողեց այստեղ, ինքը, չեմ իմանում, որտեղ կորավ։

– Ես քեզ չէի՞ ասում, որ տանից դուրս չգաս,– ասաց նրան տեր հայրը։– Լավն այն է, որ ետ դառնաս, Սարգիս–ապեր, ես մի մարդ կտամ, որ քեզ տուն տանե։

– Տանը ի՞նչ պիտի շինեմ, որդի,– պատասխանեց ծերունին, մոռանալով իր կողքի ցավը։– Ես պիտի իմ աչքերով տեսնեմ, թե որպե՛ս է այրվում, որպե՛ս է կործանվում այն ամրոցը, որ հազարավոր հայերի գլուխ է կերել... ես պիտի տեսնեմ, անպատճառ պիտի տեսնեմ ու իմ անեծքը պիտի խառնեմ կրակի բոցերի հետ...

Տեր հայրը նկատեց, որ անկարելի է ծերունուն համոզել, որ նա տուն դառնա, և որպեսզի մյուս անգամ այսպիսի փոսերի մեջ չընկնի, հանձնեց նրան մի մարդու, որ տանե դեպի ամրոցը։ Իսկ ինքը անցավ բազմության առաջը, գոռալով։

– Գնանք, ուշանում ենք...

Դա տեր Ավետիքն էր, իսկ ծերունին՝ մեզ նախածանոթ Սարգիս յուզբաշին։

Փարիշանը խավարի միջից լսեց նրանց խոսակցությունը, այժմ նոր հասկացավ, որ այդ բահերով, բրիչներով, կացիններով