արդեն բաց էր արել պահեստի դուռը և իր ձեռքում բռնած ճրագով լուսավորում էր մուտքը։ Բազմությունը ներս մտավ։ Նրանք մի կողմ ձգեցին իրանց բահերն ու բրիչները և սկսեցին մթերանոցից վեր առնել իրանց ցանկացած զենքերը։ Այդ տևեց մի քանի րոպե միայն։
– Այժմ դուք զենքեր ունեք,– ասաց տեր Ավետիքը, դառնալով դեպի բազմությունը։– Ձեր զենքերը խլել էր խանը. ես փոխարենը տվեցի ձեզ նույնիսկ խանի զենքերից։ Դա մեղք բան չէ․– հափշտակության փոխարեն հափշտակություն։ Հիմա գնացեք, զավակներս, պաշտպանեցեք ձեր ընտանիքը, ձեր տները։ Ես գիտեմ, որ խանը իր ամրոցի վրեժխնդրությունը կթափե ձեր բնակարանների վրա։– Գնացեք, այդ երիտասարդը կառաջնորդե ձեզ։ Նա ցույց տվեց Մելիք–Փարսադանյան Բալի զորապետի վրա։
Կռիվը, պատերազմը իր առանձին ոգևորությունն ունի, մի սոսկալի ոգևորություն, որ սրտի և հոգու ուրախությունը գտնում է խորտակելու, ոչնչացնելու և մահացնելու մեջ։ Տեր հոր խոսքերը ավելորդ էին։ Զայրացած, վրեժխնդրության ծարավի բազմությունը այժմ ինքը գիտեր իր գործը։ Խանը, արդարև, բերդի պաշարվելուց առաջ խլեց նրանց զենքերը, զրկելով անձնապաշտպանության ամեն միջոցներից։ Այժմ նրանց մի առանձին բավականություն էր պատճառում կռվել թշնամու հետ նրանից խլած զենքերով։
– Դուք անհոգ կացեք, տեր հայր,– պատասխանեցին նրանք:– Մեր կնիկների լեչակը թող մեր գլխին լինի, եթե չարդարացնենք այն հույսը, որ դուք մեզ վրա գրած եք։
– Օրհնյալ լինիք, զավակներս, դե գնացեք,– ասաց քահանան, և դառնալով դեպի Մելիք–Փարսադանյանը, ավելացրեց.
– Բալի, ընտրիր խուլ փողոցները, և մինչև հայոց թաղ հասնելը, խույս տուր կռիվներից։
Բազմությունը Մելիք–Փարսադանյանի առաջնորդությամբ հեռացավ։ Բայց մեկը մնաց այնտեղ։
Սառան, որ ճրագը ձեռքում լուսավորում էր զենքերի մթերանոցը, ճանաչեց նրան, և ճրագը դնելով պատուհանում, վազեց դեպի նա, գրկելով ասաց.
– Ա՜խ, Փարիշան, դու՞ ես, այդ ինչպե՞ս եկար այստեղ, պատմիր, ինչպե՞ս եկար:
Փարիշանը մի քանի խոսքով պատմեց իր վերջին գործողությունները։ Այդ միջոցին տեր Ավետիքը, Խորեն հայր սուրբը և Շահումյան Ստեփաննոս իշխանը, առանձնացած մթերանոցի մի կողմում,